Մատչելիության հղումներ

Արմեն Չարչյանը առողջական վիճակի պատճառով ներկա չէր դատավարությանը. ըստ դատախազի, չգալով դատարան՝ Չարչյանը խոչընդոտում է դատաքննությանը


Ավելի քան 2 ամիս կալանավորված ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանն այսօր չէր մասնակցում իր դատավարությանը։ Սա երրորդ դատական նիստն է, գործի քննությունը ըստ էության դեռ չի էլ սկսվել։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր աշխատակիցներին քվեարկությանը մասնակցելուն հարկադրելու համար մեղադրվող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը նամակ էր ուղարկել բանտից՝ ասելով, որ առողջական վիճակի պատճառով չի կարող մասնակցել նիստին։ Նրա նամակն ընթերցելուց հետո դատավոր Վահե Միսակյանը ներկայացրեց մեկ այլ նամակ, որ ստացել էր փորձագիտական կենտրոնից։

Դեռ մեկ ամիս առաջ դատարանը որոշել էր, որ դատաբժշկական հանձնաժողովը պետք է գնահատի պրոֆեսորի առողջական վիճակը, որից հետո անհրաժեշտության դեպքում կքննարկվի նրան գրավով ազատ արձակելու հարցը։

«Դատարանն այս պահին ակնկալում է ստանալ Առողջապահության նախարարությունից տեղեկությունների համապատասխան ոլորտների մասնագետների, այսինքն փորձագետների թեկնածուների վերաբերյալ, որից հետո, հենց տեղեկությունները ստացվեն, անմիջապես դատական նիստ կհրավիրի փորձագետների ճանաչման հարցը քննարկելու համար, որից հետո նշված անձինք կընդգրկվեն փորձագիտական հանձնաժողովի կազմում և փորձաքննության հետագա ընթացքն արդեն, կողմերը կտեղեկացվեն դրա մասին», - ասաց դատավոր Միսակյանը:

Մեղքը չընդունող ընդդիմադիր պատգամավորի փաստաբանը բողոքեց փորձաքննության դանդաղ տեմպից։ Էրիկ Ալեքսանյանը հիշեցրեց, որ պաշտպանյալը շաքարային դիաբետ ու այլ լուրջ հիվանդություններ ունի, պնդեց, որ նրան պետք է օր առաջ ազատել կալանքից։ Փաստաբանն ընդգծեց, որ բժիշկ Չարչյանը հրաժարվել է մասնակցել փորձաքննությանը հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխվելով, այլ առաջարկել է ուսումնասիրել իր բժշկական փաստաթղթերը։

«Արդեն ականատես ենք լինում այն իրավիճակին, որ մեկ ամիս է անցել նախորդ դատական նիստից, և մենք ոչ թե չունենք եզրակացություն, այլ անգամ չունենք ստեղծված հանձնաժողով, որոշակիություն չունենք հանձնաժողովի վրաբերյալ և դեռ պարզ չէ, թե ինչքան կտևի հանձնաժողով ստեղծելու հանգամանքը և դեռ պարզ չէ, թե ինչքան կտևի առհասարակ եզրակացություն տալը: Օր օրի պարոն Չարչյանի առողջական վիճակն էլ ավելի է վատթարանում: Իրականում այս ամեն ինչը ինքնանպատակ չէ, մենք ականատես ենք լինում այն իրողությանը, որ այսօր դատաքննությանը պարոն Չարչյանը չի ներկայացել, իսկ ինչո՞ւ, դիմումում հստակ բացատրված է՝ առողջական վիճակով պայմանավորված», - նշեց Ալեքսանյանը:

Մեղադրող դատախազը դիմեց դատարանին՝ խնդրելով գնահատել Չարչյանի բացակայությունը, ինչը կարևոր է նրա հետագա վարքագիծը գնահատելու համար։ Ազատ Մարգարյանը հայտարարեց՝ չգալով դատարան՝ Չարչյանը խոչընդոտում է դատաքննությանը։ Մինչդեռ դատավորն ասաց՝ չունի հիմքեր, որ նրա բացակայությունը ոչ հարգելի է։ Իր հերթին դատախազն ընդգծեց՝ Չարչյանը հիվանդանոցից դուրս է գրվել, դա նշանակում է, որ կարող էր գալ դատարան։

«Կարծում եմ, որ դատարանը պարոն Չարչյանի դատավարությանը չմասնակցելը պետք է դիտարկի որպես անհարգելի բացակայություն, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն, 4-րդ մասը կոնկրետ նախատեսում է, որ ներկայանալ քրեական վարույթ ներկայացնող մարմնի կանչով: Այսօր պարոն Չարչյանը չի ներկայացել, Քրեակատարողական հմնարկն ունի բժշկական ծառայություն, ներկայանալուն խոչընդոտող որևէ հիվանդության պատճառի վերաբերյալ չի ներկայացրել որևէ փաստաթուղթ», - ասաց դատախազը:

Հունիսի 20-ի ընտրություններից մի քանի օր առաջ տեղական «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված։ Ձայնագրությունում Չարչյանը բժշկական կենտրոնի աշխատակիցներին ասում է, որ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում է և խնդրում է, պարտադրում անպայման մասնակցել ընտրություններին։ Ավելին՝ նաև զգուշացնում է, որ ընտրություններից հետո կկարողանա իմանալ՝ ով է մասնակցել քվեարկությանը, ով՝ ոչ։

Արմեն Չարչյանին մեղսագրվող հոդվածով նախատեսվում է չորսից յոթ տարի ժամկետով ազատազրկում։ Չարչյանի գործընկերները պնդում են, որ նա ունի պատգամավորական անձեռնմխելիություն և անհապաղ պետք է ազատ արձակվի բանտից։

XS
SM
MD
LG