Մատչելիության հղումներ

Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ՝ ԱՄՆ Կոնգրեսում


Արգելափակված Լաչինի միջանցքը, հունվար, 2023թ.
Արգելափակված Լաչինի միջանցքը, հունվար, 2023թ.

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական կոալիցիան՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գլխավորությամբ, երեկ Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացրել: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ բանաձևը նպատակ ունի մեծացնել ԱՄՆ ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Բաքուն վերջ տա Արցախի արդեն երկու ամիս շարունակվող շրջափակմանը:

Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի և Բրեդ Շերմանի հեղինակած օրինագծի սկզբնական աջակիցների թիվը Ներկայացուցիչների պալատում արդեն հասնում է 65-ի՝ ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ օրենսդիրներ:

Նախագծի հեղինակները շեշտում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Գործընկերներին ուղղված նամակում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը գրել է. - «Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը հեռացնելու համար Արցախից և նրանց զրկելու իրենց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից՝ էթնիկ զտումների ակնհայտ նշան, որը մենք չենք կարող անտեսել»։ «Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի և օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները միջանցքը վերաբացելու համար, քանի դեռ այս հումանիտար ճգնաժամը չի դարձել աղետալի», - ընդգծում է կոնգրեսականը:

«Միացյալ Նահանգները պետք է գործի: Ահա թե ինչու ես և Հայկական հարցերով հանձնախմբի իմ գործընկերները ներկայացրել ենք բանաձև, որով Կոնգրեսը միանշանակ կդատապարտի այս մահացու շրջափակումը», - հայտարարել է Բրեդ Շերմանը: - «Եկեք պարզ ասենք, թե ինչ է սա՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ հայ բնակչությանը իրենց տներից դուրս մղելու փորձ՝ անհնարին դարձնելով կյանքը Արցախում։ Մարտավարությունը շրջափակումն է, արդյունքը՝ քաղաքացիական զրկանքը, նպատակը՝ էթնիկ զտումը»։

Ի հավելումն Ադրբեջանի գործողությունների խստիվ դատապարտման՝ բանաձևի ընդունվելու դեպքում Ներկայացուցիչների պալատը ԱՄՆ վարչակազմին հինգ գործնական քայլ կառաջարկի Արցախում հումանիտար ճգնաժամի վատթարացումը կանխելու համար:

Հաղորդագրության համաձայն, առաջարկվող քայլերն են՝ դիմել միջազգային դատարաններին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու համար, համագործակցել միջազգային գործընկերների՝ ներառյալ Արցախի իշխանությունների հետ՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայումն ապահովման համար, անհապաղ դադարեցնել ԱՄՆ ցանկացած ռազմական կամ անվտանգության աջակցություն Ադրբեջանին և կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման և մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ադրբեջանական ագրեսիայից տուժող արցախահայերին ամերիկյան կայուն մարդասիրական օգնության և զարգացման երկարաժամկետ աջակցության հզոր ծրագիր մշակել:

60 օր առաջ՝ անցած տարվա դեկտեմբերի 12-ին, որպես էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, այն մինչ օրս արգելափակված է մնում: Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական կողմը պարբերաբար արգելափակում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները:

Միջանցքն ապաշրջափակելու՝ Ադրբեջանին բազմիցս ուղղված միջազգային հանրության, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կոչերն առայժմ արդյունք չեն տալիս:

XS
SM
MD
LG