Մատչելիության հղումներ

Կարիք չկա Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ մանդատով օժտել, կարծում են Ռուսաստանի ԱԳՆ-ում


ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Կարիք չկա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտել, և Բաքուն ու Երևանը համաձայն են նրանց աշխատանքի ձևին և աջակցում են դրան, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը РИА "Новости" լրատվական գործակալության հետ հարցազրույցում։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, որին պետք չէ ՄԱԿ-ի մանդատ տալ, քանի որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարությունում արդեն հստակորեն ամրագրված են մեր խաղաղապահների գործունեության եղանակները: Այդ կապակցությամբ վեճի մասնակիցների միջև կա կոնսենսուս, և այդ փաստն այստեղ առանցքային է», - ասել է Իլյիչևը։

Նրա խոսքով՝ պետք է հատկապես նշել, որ «ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության համատեքստում»։

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերին՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնության արդյունքում։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ «խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»:

Անցած տարվա դեկտեմբերի 12-ին Հայաստանի և աշխարհի հետ Արցախի կապն ապահովող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո պաշտոնական Երևանը քանիցս ընդգծել է ռուս խաղաղապահների պատասխանատվության հարցը, որոնց եռակողմ համաձայնություններով վերապահված է միջանցքի վերահսկողությունը: Հայաստանի վարչապետը տարեվերջին հայտարարել է՝ եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, ապա պետք է դիմի ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդին՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու, կամ Արցախ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։

XS
SM
MD
LG