Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել, զոհեր և վիրավորներ չկան, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր ամենօրյա տեղեկագրում։
Նշվում է, որ այդ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։ Այլ մանրամասներ հաղորդման մեջ չկան։ Արցախից ևս այս մասին տեղեկություններ չեն ներկայացրել։
Խաղաղապահ առաքելության գործունեության վերաբերյալ տեղեկագրում ռազմական գերատեսչությունը հավելել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար։ Շուրջ երկու ամիս փակ է Լաչինի միջանցքը, և թե ինչ ուղղությամբ են այս բանակցությունները, որևէ կերպ չի նշվում։