Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը միջազգային հանրությանը կոչ է անում հրատապ քայլեր ձեռնարկել


Ադրբեջանի գործողությունները հաստատում են, որ պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից, հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն կրկին փակել է Հայաստան-Արցախ միակ գազատարը։

«Ադրբեջանի անմարդկային գործողությունները վկայում են, որ այս երկրի բարձրագույն ղեկավարությունն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից և մարդկային բարոյականության նորմերից։ Անտեսելով բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Արցախի շրջափակման անհապաղ վերացման կոչերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու մասին որոշումը, պաշտոնական Բաքուն փաստացի ինքն իրեն հակադրում է քաղաքակիրթ հանրությանը», - ասված է պաշտոնական Ստեփանակերտի հայտարարության մեջ։

Նախարարությունը շեշտել է, որ նման վարքագիծը հնարավոր է դարձել Բաքվի ռեժիմի անպատժելիության պայմաններում, ինչը արձակել/ում է նրա ձեռքերը՝ ավելի խստացնելու իր հանցավոր քաղաքականությունն Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ։

Այս պայմաններում Արցախի ժողովրդի ոչնչացումը կանխելու համար Ստեփանակերտը անհրաժեշտ է համարում, որ միջազգային հանրությունն իր ջանքերն ուղղի ոչ միայն Արցախի շրջափակումը դադարեցնելուն, այլ նաև ձեռնարկի հրատապ միջոցներ, որոնք կներառեն նաև Ադրբեջանի «ցեղասպան քաղաքականության վաղ նախազգուշացման, գնահատման և արձագանքման մեխանիզմների կիրառում»։

Արցախի շրջափակումից ի վեր Ադրբեջանն արդեն վեցերորդ անգամ է փակել Հայաստան-Արցախ գազատարը։ Շուրջ մեկ ամիս է Հայաստանից հոսանք էլ չի մատակարվում. Ադրբեջանի վերահսկողության տակ է նաև Հայաստանից Արցախ մտնող էլեկտրագծի վթարված հատվածը։

XS
SM
MD
LG