Մատչելիության հղումներ

Կա՛մ Ալիևը կունենա ճանապարհ դեպի Նախիջևան, կա՛մ ինչ-որ ուժեր Ալիևի գլխին կտան ու կպարտադրեն, որ զիջումների գնա․ Զուրաբյան


Լաչինի միջանցքն, ըստ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի, կբացվի երկու դեպքում՝ կա՛մ Ալիևը կհասնի իր նպատակին՝ կունենա ճանապարհ Ադրբեջանից դեպի Նախիջևան, կա՛մ ինչ-որ ուժեր Ալիևի գլխին կտան ու նրան կպարտադրեն, որ գնա զիջումների։ Իսկ դրա հավանականությունը, Զուրաբյանի խոսքով, դեռ չի երևում։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ձեր գնահատմամբ, ո՞ր դեպքում կբացվի միջանցքը։

Զուրաբյան․ - Դրա մասին անթաքույց, էդ հիմա է մտել ինչ-որ դիվանագիտական խաղերի մեջ, նկատի ունեմ Իլհամ Ալիևին, հիմա ասում է՝ էկոակտիվիստներ, չգիտեմ ինչեր, տարբեր պատրվակներ է բռնում, բայց դրանք բոլորը կեղծ մոտիվացիաներ են։ Իրականն ինքն ասել է, երկու տարի շարունակ ասել է, ինքն ասել է՝ «եթե ձեզ տալիս ենք Լաչինի միջանցքով դեպի Ղարաբաղ անխափան երթևեկություն, դուք էլ մեզ պիտի տաք անխափան երթևեկություն, նմանատիպ մի միջանցքով, Ադրբեջանից դեպի Նախիջևան»։ Իր նպատակն ինքը միշտ ասել է, անգամ ասել է, որ եթե էդ չարվի, մենք էլ կփակենք Լաչինի միջանցքը։ Հիմա մենք ինչի՞ վրա ենք զարմանում։ Հիմա Դուք ասում եք՝ երբ կբացվի։ Կբացվի երկու դեպքում՝ կա՛մ Ալիևը կհասնի իր նպատակին, կա՛մ Ալիևի գլխին կտան ինչ-որ ուժեր՝ միջազգային հանրությունը կլինի, կլինի դա Արևմուտքը, թե Ռուսաստանը, կամ Թուրքիան կարող է ինչ-որ շահերից ելնելով էդ բանն անի, Ալիևի գլխին կտան ու նրան կպարտադրեն, որ ինքը գնա զիջումների։

«Ազատություն»․ - Ուղղակի երկու ամիս է չեն տալիս։

Զուրաբյան․ - Բայց դրա հավանականությունն առայժմ չի երևում։ Իհարկե, ինքը բազմաթիվ իմիջային կորուստներ ունի, բազմաթիվ հայտարարություններ են, բայց դրանք, գիտեք, այնպիսի բաներ են, որ ինքը հանգիստ կարող է իրեն թույլ տալ դրանց մի կերպ դիմանալ։ Իրա համար կոնկրետ ցավալի հարվածներ, ասենք՝ սանկցիաներ, ռազմական բախման կամ միջամտության վտանգ, նման բաներ չկան։

«Ազատություն»․ - Պարզ է, կարևորն արդյունքն է, մնացածը պատրաստ են մարսել։

Զուրաբյան․ - Միակ ռազմական բախման վտանգը կապված է Իրանի սպառնալիքների հետ, իսկ դա էլ, գիտեք, եթե գործը հասնի դրան, ադրբեջանցիք վստահ են, որ Արևմուտքը կանգնելու է իր թիկունքին, Իսրայելը կանգնելու է իր թիկունքին, և այդ դեպքում ինքը ոչ թե միայնակ է լինելու Իրանի դեմ, այլ Թուրքիայի, Իսրայելի, Ամերիկայի, Բրիտանիայի դաշնակցության պայմաններում։

58-րդ օրն է Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Հունվարի 12-ից ի վեր Ադրբեջանը պարբերաբար փակում, ապա մասամբ բացում է նաև Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի է լինում Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար։ Ջեռուցման բացակայության պատճառով մանկապարտեզները չեն գործում, սահմանափակումներով են աշխատում նաև պետական հիմնարկները։ Արցախում նաև հոսանքի խնդիր կա։ Պաշտոնական տվյալներով՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված շուրջ 5 հազար արցախցի կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը։

Զուրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG