Ի՞նչ մանդատ և ի՞նչ լիազորություններ ունի ռուսական խաղաղապահ զորակազմը Ղարաբաղում և արդյո՞ք նրանք կարող են ուժով բացել գրեթե 2 ամիս փակ Լաչինի միջանցքը։ «Ազատության» այս հարցմանն ի պատասխան, կառավարությունը փոխանցել է «ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ գործողության իրականացման մանդատի» վերաբերյալ փաստաթուղթը, որը Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են պատերազմից մոտ տասն օր անց՝ 2020-ի նոյեմբերի 21-ին։
Ի՞նչ խնդիրներ են վերապահված ռուս խաղաղապահ զորախմբին
Այդ փաստաթղթով ղարաբաղյան շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անվտանգ տարանցումը, միջազգային մարդասիրական օգնության անխոչընդոտ մատակարարումները, մշտադիտարկի հրադադարի ռեժիմը, արձագանքի ուժի չկիրառման պարտավորությունների խախտմանը, պատասխանատվության գոտում հակազդի անկարգություններին, նպաստի Ղարաբաղում լիարժեք կյանքին, պաշտպանի կենսական նշանակության օբեկտները և այլն։
Խաղաղապահները զենք կիրառելու իրավունք ունեն
Ըստ փաստաթղթի, առաջադրված խնդիրները կատարելիս խաղաղապահ զորախումբը զենք կիրառելու իրավունք ունի հետևյալ պայմաններում. անձնակազմին իրենց տրված առաջադրանքների կատարումից բռնի ուժով հեռացնելու փորձի դեպքում։ Զինված կազմավորումների կամ անհատների բռնի ոտնձգություններից, քաղաքացիական բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի դեպքում։
Վարչապետն անցած տարվա օգոստոսին, կառավարության նիստում խոսելով այս փաստաթղթի մասին, ասել էր, որ Ադրբեջանը այն հրաժարվել է ստորագրել, բայց պնդել էր. - «Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար է այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե՝ ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»:
Ավելի ուշ, այս տարվա հունվարին, ասուլիսում Փաշինյանը կրկին պնդեց, որ փաստաթուղթը նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության շարունակությունն է, և որ այն կարող է գործել առանց Ադրբեջանի ստորագրության։
«Ճիշտ է՝ Ադրբեջանը չի ստորագրել, բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այդ փաստաթղթում չկա որևէ նշում, որը ուժի մեջ է մտնում միայն երեք կողմերի ստորագրելուց հետո», - ասել է վարչապետը:
Ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում սահմանվում է միայն նոյեմբերի 9 -ի փաստաթղթով. Արթուր Խաչիկյան
Մինչդեռ Ստենտֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ առանց Ադրբեջանի ստորագրության ռուս խաղաղապահները չեն կարող իրականացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված փաստաթղթի դրույթները։
«Պատկերացրեք, որ հիմա, ասենք, Ռուսաստանը և Հայաստանը փաստաթուղթ են ստորագրում, թե ինչ է կատարվել, ասենք, Աբխազիայում կամ Հարավային Օսեթիայում, Վրաստանի տարածքում, այդպիսի բան չի կարող լինել, դուք չեք կարող պայմանագիր ստորագրել և սահմանել, թե ինչ է լինելու մի ուրիշ պետության տարածքում, եթե մենք համարում ենք Արցախն Ադրբեջանի տարածք, և միջազգային հանրությունը ստացվում է, որ այդպես է համարում, անգամ մենք ենք հիմա արդեն սկսում դրա մասին խոսել, մենք չենք կարող: Պարտկերացնո՞ւմ եք, եթե Ռուսաստանը և Ադրբեջանը պայմանագիր ստորագրեն, թե ինչ է կատարվելու, օրինակ, Երևանում կամ Գյումրիում», - ընդգծեց Խաչիկյանը:
Քաղաքագիտության դոկտորի փոխանցմամբ, ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում սահմանվում է միայն նոյեմբերի 9 -ի փաստաթղթով, որն Ադրբեջանը ստորագրել է։ Այնտեղ ամրագրված է ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը, բայց, թե ի՞նչ են նրանք անելու, ոչինչ չի ասվում։ Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորակազմը, ըստ Արթուր Խաչիկյանի, խաղաղություն ապահովելու մանդատ ունի, բայց չունի խաղաղություն պարտադրելու մանդատ, հետևաբար նաև ուժ կիրառելու իրավունք։
«Եթե մենք խոսում ենք կլասիկ խաղաղապահ ուժերի մասին, նրանք ուժ չեն կարող գործածել, այնտեղ գտնվում են երկու կողմերի համաձայնությամբ և պետք է լինեն չեզոք: Նրանք ուժ կարող են գործածել միայն, եթե իրենց վրա ինչ-որ հարձակում լինի, իրենց մանդատի պաշտպանության համար և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար, այդ երեք դեպքում կարող են: Բայց հիմա այնտեղ, եթե ուժ գործածվի Ադրբեջանի դեմ, սա փաստորեն այլևս խաղաղապահ ուժ չէ: Ռուսները դառնում են կոնֆլիկտի մաս: Այսինքն՝ եթե Ռուսաստանը ուժ է գործադրում, սա ստացվում է ռուսական ինտերվենցիա Ադրբեջանում, և Ռուսաստանը պետք է գնա ռազմական առճակատման Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Այս պատերազմի պայմաններում Ռուսաստանը չի էլ կարող դա. և՛ չի ցանկանում, և՛ չի կարող», - ասաց Խաչիկյանը:
Խաղաղություն պարտադրելու ու հետևաբար նաև ուժ գործադրելու համար, ըստ քաղաքագետի, անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նման մանդատ տա, արձանագրի, որ միջազգային անվտանգության սպառնալիք կա և լիազորի որևէ երկրի կամ մի խումբ պետությունների ուժ գործադրել, ինչպես եղել է 50-ականներին կորեական պատերազմի ժամանակ։ Սակայն ՄԱԿ-ն այդպիսի մանդատ Ռուսաստանին չի տվել և չի էլ տա:
«Սա լինելու է շատ ծանր և շատ վտանգավոր տարի, քանի որ մենք գնում ենք դեպի մեծ պատերազմ, Ուկրաինայում հիմա էսկալացիա է լինելու շատ լուրջ: Այսինքն՝ ՄԱԿ-ից այսպիսի մանդատ սպասել անիմաստ է», - նշեց նա:
«Ազատության» հարցին՝ «Կարո՞ղ ենք ասել, որ այսօր ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքը չեն բացում, որովհետև նրանք դա անելու լիազորություն չունեն, թե՞ պարզապես չեն ցանկանում», Արթուր Խաչիկյանը պատասխանեց. - «Ուղիղ լիազորություն գրավոր ձևով չկա»:
Դեռևս կես տարի առաջ, վարչապետ Փաշինյանն ասել էր, թե Հայաստանը նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել է, Ադրբեջանն էլ պիտի կատարի իր երեք պարտավորությունը՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Ղարաբաղ միավորի գոյությունը, հարգի ԼՂ-ում շփման գծի առկայությունը և հարգի Լաչինի միջանցքի գոյությունը: Հակառակ դեպքում Հայաստանը պետք է իր օրակարգում ներառի Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը։
«Կրկնում եմ՝ երեք առանցքային իրողություն՝ Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք», - հայտարարել է վարչապետը: