Գրեթե 2 ամսում շրջափակման մեջ մնացած 120 հազար արցախցիները հնարավորություն ունեին տեղական խոզի ու թռչնի միս գնելու, սակայն հիմա գրեթե սահմանին է հասել կենդանիների ու թռչունների կերի պաշարը։
«Հատկապես կրիտիկական է վիճակը խոզաբուծության և թռչնաբուծության ոլորտներում՝ պայմանավորված նրանով, որ այդ կենդանատեսակները սնվում են բացառապես հատիկային և խտացված կերերով։ Իսկ այդ կերերի զգալի մասը մենք հիմնականում ներկրում էինք», - ասել է Արցախի գյուղատնտեսության փոխնախարարը՝ հավելելով, թե կերի պակասի հետևանքով կենդանիները կարող են քաղցած մնալ, ինչն էլ կստիպի տնտեսավորղներից մորթել խոզերին ոչ թե աստիճանաբար, ինչպես անում են հիմա, այլ միանգամից։ - «Ճիշտ է, էսօր մենք փորձում ենք կարգավորել այդ հարցը, նշված կերի պակասը լրացնել պահուստային պաշարների հաշվին, բայց հետագայում կարող են լուրջ խնդիր ի հայտ գալ, քանի որ այդ պաշարները նույնպես անսպառ չեն։ Կարող է արդեն առաջ գալ տվյալ կենդանիների մասսայական մորթ»։
Արցախի Փոքր ու միջին բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչ Աննա Սարգսյանի խոսքով, այս 54 օրերի ընթացքում մաշկի վրա զգացին այն, ինչի մասին մինչև շրջափակումը խոսում էին տեսականում՝ պետք էր փորձել կարևոր ուղղություններում ստեղծել ինքնաբավ տնտեսություն. - «Շատ բան ցույց տվեց բլոկադան ընդհանուր տնտեսական համակարգի կառուցվածքի տեսանկյունից։ Ընդհանրապես սխալ էր կառուցված։ Արցախի նման երկիրը միշտ պետք է պատրաստ լիներ նման իրավիճակների։ Հետևաբար տնտեսությունը պետք է ուղղված լիներ ավելի ինքնաբավ, ներքին պահանջմունքը բավարարելուն։ Գոնե առաջին անհրաժեշտության ապրանքների, որ կախված չլինի ներմուծումից։ Արդեն հիմա, հենց հիմա պետք ա սկսենք։ Ոչ թե սպասենք, երբ ավարտվի, այլ հենց հիմա սկսենք նաև մեր տնտեսական համակարգին նոր ուղղություն տալ, վերանայել դա։ Մեր մասով մենք ինչքան կարողանանք, էդ ուղղությամբ փորձում ենք անել մի բան»։
Ինքնաբավ չէ Արցախի տնտեսությունը մթերքի տեսանկյունից, ինքանբավ չեն նաև Ստեփանկերտում քաղաքային պայմաններում ապրող ընտանիքները։ Աննա Սարգսյանի խոսքով, եթե գյուղերում մարդիկ գոնե նկուղներում նվազագույն սննդի պաշար ունեին՝ կաղամբ, գազար, կարտոֆիլ, ապա քաղաքում 1 կիլոգրամ շաքարավազից ու մի քանի տուփ սուրճից բացի, ամբարած ոչինչ չունեին. - «Կոնկրետ մեր ընտանիքը չունի։ Երբ որ զգացվեց, որ դրան ա գնում, փորձեցինք առնել, բայց արդեն էդ պաշարները ավարտվել են»։
Այնուամենայնիվ, ասում է Աննան, չնայած հովհարային անջատումներին, կենցաղային պարագաների՝ այդ թվում մաքրման միջոցների, մրգի, բանջարեղենի պակասին, փորձում են բնականոն կյանքից չշեղվել, ամենակարևորը երեխաներին դպրոց ուղարկելն է։փորձում են բնականոն կյանքից չշեղվել, ամենակարևորը՝ երեխաներին դպրոց ուղարկել. - «Հենց երեխաներն են սկսում տուժել, մեծերի վրա դա է ազդում։ Մնացածը մենք էլի ամեն ձևով կհարմարվենք։ Բայդ եթե երեխաների հանկարծ սնունդը պակասեց, կրթությունը գրաֆիկից շեղվեց... Դասերը հիմա դարձրել են երեսունհինգ րոպե։ Էս լարված իրավիճակը, որ երեխաների վրա էլ է ազդում, ամեն ինչից արդեն իրենք տեղյակ են, ժամանակից շուտ մեծանում են»։
Գազի անջատման պատճառով տևական ժամանակ ընդհատված դասերը դպրոցներում վերկսվելցին երկուշաբաթի օրը։ Արցախում գազ վերջին օրերին կա, սակայն շարունակվում են հոսանքի հովհարային անջատումները, 6 ժամը մեկ հոսանքը 2 ժամով կտրվում է, տունը՝ միանգամից ցրտում։
«Արդեն մենք փայտով ջեռուցվող վառարան ենք տեղադրել։ Եթե հանկարծ էլի գազ, լույս չլինի... էրեխեքին չենք կարա սենց թողենք։ Երկու տղա ունեմ, երկուսն էլ դպրոցական», - ասաց Աննան։
Եղել են օրեր, երբ երեխաները դպրոցներում չեն հանել բաճկոնն ու գլխարկը։ Աննան ասում է՝ անգամ դրան են պատրաստ, բայց դասերից հետ չմնան։