Մատչելիության հղումներ

Վարդանյանը հանձնարարել է հաշվարկել Արցախում տնտեսության կրած ընդհանուր վնասի չափը


Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է հաշվարկել շրջափակման հետևանքով տնտեսության կրած ընդհանուր վնասի չափը, հայտնում է Արցախի կառավարությունը՝ տեղեկացնելով, որ Վարդանյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցության, որտեղ ներկայացվել են շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները:

«Մենք փորձում ենք առավելագույնս աջակցել, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն: Ցավոք, այս իրավիճակում շատերը կորցրել են աշխատանքը: Մշակված ծրագրերի միջոցով փորձելու ենք հնարավորինս աջակցել թե՛ տնտեսվարողներին, թե՛ սոցիալապես ավելի դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին»,- ասել է պետնախարարը:

52 օր շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում աշխատանքը կորցրած մարդկանց թիվը հասնում է 5 հազարի։ Ստեփանակերտում ու շրջաններում բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են ապրուստի միակ միջոցից։

Միջոցառումների մշակման աշխատանքային խմբի ղեկավար, պետնախարարի խորհրդական Գրիգորի Մարտիրոսյանն այսօր խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է՝ նախատեսվում է իրականացնել չորս ծրագիր, որոնցից երկուսն ունեն տնտեսական, երկուսը՝ սոցիալական ուղղվածություն: Տնտեսական ծրագրերը վերաբերում են շրջափակման հետևանքով առավելապես տուժած ոլորտներին և նախատեսում են աջակցության տրամադրում տնտեսվարողներին և անհատ ձեռնարկատերերին: Ծրագրերի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր:

Արցախում օրեցօր իրավիճակը բարդանում է։ Արդեն սովորական են դարձել հոսանքի, գազի պարբերական անջատումները, ժամերով հերթերն ու խանութների դատարկ ցուցափեղկերը։ Երեկ Արցախից հայտնեցին՝ թեև կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից, ինչպես նաև առկա է բենզինի և դիզվառելիքի պաշարների սղություն։

XS
SM
MD
LG