Մատչելիության հղումներ

Արցախում առկա է բենզինի և դիզվառելիքի պաշարների սղություն․ օպերատիվ շտաբ


Կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրն Արցախում, սակայն շրջափակման հետևանքով բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից, ըստ Արցախի կառավարության, այդ մասին այսօր հայտարարվել է Օպերատիվ շտաբի նիստում:

Ինչ վերաբերում է բենզինի և դիզվառելիքի շուկայում իրավիճակին, ապա նշվել է, որ առկա է պաշարների սղություն և կարևորվել է խիստ խնայողական ռեժիմի պահպանումը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական և գարնանացանի կազմակերպման հարցեր:

Շրջափակման արդեն 51-րդ օրն է։ Արցախցիների խնդիրները չեն թեթևանում. հոսանքն օրական 6 ժամով անջատվում է, մթերքի հիմնական տեսակները կտրոնով են վաճառվում, դեղորայքի պակաս կա։ Գազամատակարարումը թեև վերականգնվել է, բայց էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածության պատճառով կապույտ վառելիք ունեն միայն Ստեփանակերտի բնակիչները: Երեկվանից դասապրոցեսը թեև վերականգնվել է, բայց մանկապարտեզները շարունակում են փակ մնալ։

XS
SM
MD
LG