Շրջափակման 52-րդ օրը Ստեփանակերտի շուկայում և խանութներում նարինջ և մանդարին է հայտնվել։ Յոթ շաբաթ է՝ Արցախում միրգ ու բանջարեղեն չէր ճարվում։ Օրերս էլ սկսել էին նաև գազար վաճառել:
Արցախի կառավարությունը հայտարարում է՝ այժմ աշխատում են նաև Ստեփանակերտից դուրս այս ապրանքները բաշխելու համար։ Նաև հրապարակել են վաճառքի առավելագույն գները:
«Ես չէի ասի, այն քանակն է, որ կուզենայինք, բայց էլի գոնե ինչ-որ նվազագույն քանակ տալիս են, մանդարին է ու նարինջ», - «Ազատությանն» ասաց Ստեփանակերտից Իրենա Հարությունյանը:
Նրա ամուսինն առավոտյան հասցրել է մի քանի հատ մանդարին ու նարինջ վերցնել, բայց հերթերը շատ են, կինն ասում է՝ եթե ժամանակին խանութ չգնան, այս բարիքներից օգտվել չեն հասցնի. «Հազիվ-հազիվ, օրինակ, մանդարինը մեզ հասցրեցին, մանդարինը վեց հատ, ապելսինը չորս հատ՝ այս քանակով, որպեսզի բոլորին հերիքի»:
Հինգ երեխաների մայր Լուսինե Հայրիյանի դուստրերն այս ընթացքում մրգին կարոտ էին մնացել, հատկապես բանան են ուզում։ Մանդարինի ու նարնջի հայտնվելու լուրն ուրախալի է, բայց հերթերի պատճառով առայժմ խուսափում է խանութ գնալ՝ 6-րդ փոքրիկին է սպասում։ 4 օրից արցախցիները կկարողանան վերցնել կտրոններով իրենց հասանելի պարենի հերթական բաժինը։ Հունվարի 20-ին վերցրած ապրանքներն, ասում են, բավարարում է:
Արցախում արդեն 4-րդ շաբաթն է՝ հոսանքի լուրջ խնդիր կա. հունվարի 9-ից վնասված է Հայաստանից մտնող բարձրավոլտ գիծը ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Պատասխանատուները հայտարարում են՝ եթե ադրբեջանցիները հայ մասնագետներին թույլ տան մոտենալ, խնդիրը կարելի է շտկել ժամերի ընթացքում։ Արցախում հովհարային անջատումների ռեժիմ է գործում, քաղաքացիներն օրական վեց ժամ հոսանք չեն ունենում։
Գրեթե երկու ամիս շարունակվող շրջափակումը նաև լուրջ սոցիալական խնդիրներ է ստեղծել, շուրջ 5000 արցախցի կորցրել է աշխատանքը։ Ստեփանակերտն այսօր հայտարարեց՝ աջակցության ծրագրեր են մշակել։ Մասնավորապես, այս ընթացքում գործազուրկ դարձած քաղաքացիներին մեկ ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով գումար կտան։ Մեկ այլ ծրագրով երեխայի հաշվով են որոշակի գումար տրամադրելու, թե երբ՝ կառավարությունը չի մանրամասնում։
«Աշխարհը թեկուզ տեղեկացե՞լ է, ոչ մի ջանք չի գործադրում, մենք ուզում ենք, որ սանկցիաներ լինեն, այն միջոցին դիմեն, որ Ադրբեջանը դրանից վախենա», - ասում է արցախցիներից մեկը:
Իրենց իրավունքների մասին հիշեցնելով՝ արցախցի հազարավոր կանայք վերջերս ստորագրահավաք էին կազմակերպել ու բաց նամակով դիմել Եվրոպական հանձնաժողովի նախագահին: Նրանք անձամբ Ուրսուլա ֆոն դեր Լայենից ու աշխարհից գործնական քայլեր են ակնկալում: Նույն պահանջով այսօր Հայաստանում գտնվող արցախցի կանայք Եվրամիության գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին:
Միջանցքի բացման հարցով ռուս խաղաղապահների վարած բանակցությունների անորոշության ֆոնին՝ Լաչինի խնդրին է անդրադարձել Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։ Շեշտելով, որ Եվրամիությունը չի դիտարկում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե Եվրամիությունը կենտրոնանում է կողմերի միջև երկխոսության վրա, ինչի հանձնառությունը ստանձնել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։