Լաչինի միջանցքի փակման թեման «մեդիա դրամա է», որի բեմադրիչը Ռուբեն Վարդանյանն է. - ադրբեջանցի պատգամավոր Նիգար Արփադարայի պատասխանն է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իր ավելի քան մեկ տասնյակ գործընկերներին, ովքեր երեկ դատապարտում էին Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից փակ պահելը և կոչ անում քայլեր ձեռնարկել կանխելու ահագնացող հումանիտար աղետը:
«Սա տարածքային ամբողջականության հարց չէ, սա մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը վերաբերող հարց է։ Մարդիկ չունեն գազ, էլեկտրականություն, սնունդ։ Հազարավոր մարդիկ Լեռնային Ղարաբաղում քաղցած են , ապրում են ցրտի, խավարի մեջ», - հայտարարել է Շվեդիան ներկայացնող պատվիրակ Բորիանա Աբերգը, շեշտելով՝ 120 հազար մարդկանց տառապանքն ավելի մեծ ուշադրության է արժանի։
Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են ճգնաժամի վատթարացմանը՝ անկախ իրենց շարժառիթներից, հայտարարել է Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջիլ Մորտիմերը։ Բրիտանացի պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միմյանց հետ անկեղծ խոսելու հնարավորություն գտնեն, եթե ցանկանում են խաղաղ ապրել որպես հարևաններ։
«Վստահ եմ, որ երկու կողմերն էլ ճիշտ և սխալ քայլեր են կատարել և տառապել դրանցից, սակայն հակամարտության սարսափելի և անխուսափելի վնասներից անմեղ մարդկանց պաշտպանելու միակ միջոցը հաշտությունն է, առաջ շարժվելու կամքը», - հայտարարել է Մորտիմերը՝ հորդորելով որպես առաջին քայլ վերաբացել Լաչինի միջանցքը։
Ադրբեջանը ոչ միայն չի բացում Լաչինի միջանցքը, այլև չի վերադարձրել Հայաստանին Ադրբեջանում պահվող ազատազրկված անձանց, հիշեցրել է ֆրանսիացի պատգամավոր Բերտրան Բուիքսը։ Մանրամասն նկարագրելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, իր բնորոշմամբ՝ անհնարին դարձած կյանքը, Բուիքսը, այդուհանդերձ, շեշտել է՝ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունը պետք է շարունակել, հիշեցնելով, որ Բաքուն գազ է մատակարարում Եվրամիությանը։ «Բայց նաև պետք է հիշենք, որ մեր աշխարհամասը մի համայնք է, որի արժեքներն են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը», - ընդգծել է ֆրանսիացի խորհրդարանականը:
Կիպրոսի պատվիրակ Կոնստանտինոս Էֆստաթիուն ավելի հստակ է արտահայտվել, իր խոսքով, «տագնապալի իրավիճակի» մասին․ - «Մարդկանց սովամահ, սառած, առանց դեղորայքի, էլեկտրականության, ջրի մատակարարման կամ արժանապատվության թողնելն իրականում ցեղասպանության ակտ է»:
Վերաշարադրելով Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերի դիրքորոշումները՝ Ֆինլանդիայի պատգամավոր Կիմմո Կիլյունեն փաստել է՝ դիրքորոշումները բոլորովին տարբեր են, բայց ակնհայտ է, որ լուրջ հումանիտար ճգնաժամ է։
Թուրքիայի ներկայացուցիչ Զեքի Հաքան Սիդալիի գնահատմամբ, մինչդեռ, Ադրբեջանին վերագրվող մեղադրանքները կեղծ են, և առհասարակ պետք է ոչ թե լարվածությունից, այլ խաղաղությունից խոսել։ Կրկնելով Բաքվի պաշտոնական դիրքորոշումը՝ թուրք պատգամավորն ասել է, թե տարածաշրջանում սննդամթերքի հասանելիության խնդիր չկա, հետևաբար պետք է «գործել փաստերի, այլ ոչ հույզերի հիման վրա»։
Ինչպես անցած մեկուկես ամսվա ընթացքում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը, այնպես էլ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները միաբերան պնդել են՝ Լաչինի միջանցքը բաց է, «որևէ շրջափակում չկա»։ Ադրբեջանի ներկայացուցիչները միջազգային այս հարթակում էլ չշրջանցեցին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պատգամավոր Քամալ Ջաֆարովը հայտարարել է, թե հենց Վարդանյանն է մեղավոր Ղարաբաղում ստեղծված իրավիճակի համար։ «Նրան Մոսկվայից են ուղարկել հստակ մտադրությամբ», - առանց փաստեր վկայաբերելու ասել է ադրբեջանցի պատգամավորը և դիմելով հայաստանցի գործընկերներին՝ նախազգուշացրել. - «Վարդանյանը եկել է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանի վարչապետը դառնալու նպատակով»։
Ջաֆարովի ավագ գործընկերը՝ Ռաֆայել Հուսեյնովը, իր ելույթի մեծ մասը կառուցել էր Իլհամ Ալիևի վերջին օրերի հայտարարությունների հիման վրա՝ «Հայաստանը Լաչինի միջանցքի փակ լինելու մասին կեղծ քարոզչություն է տարածում»։ Թեև ԵԽԽՎ-ի պատգամավորներից շատերն իրենց ելույթներում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսելիս բազմիցս մեջբերել են միջազգային հանրության՝ այդ թվում Միացյալ Նահանգների, Եվրամիության պաշտոնյաների հայտարարությունները, Եվրախորհրդարանի ընդունած հատուկ բանաձևը, ադրբեջանցի պատգամավորը, այդուհանդերձ, նախընտրել է կտրականապես հերքել փաստերը՝ ասելով, որ ճանապարհը բաց է, Կարմիր Խաչի մեքենաներն ամեն օր գնում-գալիս են այդ միջանցքով։ Հուսեյնովը նաև պնդել է, թե Հայաստանն է մեկուսացրել Նախիջևանը, չնշելով, որ Ադրբեջանի ինքնավար այդ շրջանը բաց սահմաններ ունի թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի հետ։
Ադրբեջանի խորհրդարանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Նիգար Արփադարայը գործընկերներին ուղղված նկատողությամբ է սկսել խոսքը. - « Լաչինի միջանցքն ու Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է», - հայտարարել է նա և ներկաներին կոչ արել չանհանգստանալ՝ «հումանիտար աղետի վտանգ չկա, ամեն օր Լաչինի ճանապարհով մեքենաներ են գնում-գալիս»: «Կեղծ բլոկադայի մասին մեդիա դրաման բեմադրել է Ռուբեն Վարդանյանը», - հայտարարել է Արփադարայը։
Երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած այս քննարկմանը որևէ փաստաթուղթ, որոշում չի ընդունվել։ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում առաջարկել է փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք։ «Եթե մեր ադրբեջանցի գործընկերները դեմ են, ապա սա նշանակում է, որ նրանք ունեն ցեղասպանության մտադրություն: Նրանց նպատակը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն է», - հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը։