Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը խաղաղության պայմանագրի նախագծի օրակարգով։ Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները երեկ քննարկել են այս հարցը։ Պաշտոնական Երևանը դեռ չի հստակեցնում՝ կընդունի՞ հրավերը Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի արտգործնախարարի այցերի և հանդիպումների վերաբերյալ մենք նախապես տեղեկացնում ենք», - այսօր ասաց արտգործնախարարության խոսնակը։
Իսկ մասնակցության հրավեր պաշտոնապես ստացե՞լ են։ Այս հարցին Վահան Հունանյանը չպատասխանեց։
Մոսկվայից վերջին մի քանի օրվա ընթացքում երկրորդ անգամ են հայտարարում հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին։ Վերջին հանդիպումը նախատեսված էր դեկտեմբերի 23-ին, Արարատ Միրզոյանը սկզբում համաձայնել էր, իսկ ադրբեջանցիների՝ Լաչինի միջանցքը փակելուց հետո հրաժարվեց մեկնել։
«Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո չմասնակցեցինք Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը ենթադրաբար պիտի շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները», - ասել է Արարատ Միրզոյանը։
Հայկական կողմը ուղիղ մեղադրանքներ էր հնչեցնում, թե միջանցքի անխափան երթևեկության պատասխանտուն Ռուսաստանն է։ Արցախը աշխարհի հետ կապող միակ ճանապարհը դեռ փակ է։ Արդեն 52-րդ օրն է։ Խորհրդարանի իշխող խմբակցությունից կարծում են, որ արտգործնախարարն այս անգամ էլ չպետք է մեկնի, քանի դեռ փակ է ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհը։
«Մենք տեսնում ենք որ Հայաստանին ուզում են ներքաշեն ինչ-որ առևտրի մեջ Լաչինի միջանցքի ինչ-որ պատրվակով», - ասում է ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը («Քաղաքացիական պայմանագիր»)։
Իշխանական պատգամավորի կարծիքով, ռուս-ադրբեջանական տանդեմը 120 հազար արցախցու պաշարված լինելու հարցով ճնշում կգործադրի Երևանի վրա եւ կպահանջի այսպես կոչված Զանգեզուրի միջանցք. - «Ես համոզված եմ, որ եթե մենք գնանք ինչ-որ մի բան զիջենք, նորից ա փակվելու։ Այսինքն՝ պետք ա սկզբունքորեն ցույց տալ, որ Լաչինի միջանցքի համար Հայաստանը առևտուր չի անելու»։
«Բնականաբար, ցանկացած պարագայում ճիշտը բանակցելն է։ Առավել ևս, որ այս իրավիճակում բանակցությունները և դրանց վերջնարդյունքը ավելի շատ հայկական կողմին են պետք, քան ադրբեջանական կողմին», - նշում է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։
Նրա կարծիքով, Արարատ Միրզոյանը պետք է մեկնի Մոսկվա և բանակցի ինչ էլ որ լինի։ Հակառակ դեպքում Ադրբեջանը միջազգային հանրությանը ցույց կտա, որ Հայաստանն է տապալում բանակցային ճանապարհը. - «Առավել ևս, որ դա քարոզչական տեսանկյունից շատ ավելի մեծ էֆեկտ կունենա, քան ընդհանրապես հրաժարվելը և տարբեր պատգամավորների շուրթերով ինչ-որ հավակնություններ, դժգոհություններ ներկայացնելը»։
Քաղաքագետը համաձայն է՝ Ռուսաստանն էլ ճանապարհը փակելուն մասնակից է, բայց հայ-ադրբեջանական լարվածության հարցում Հայաստանի ու Ռուսաստանի շահերը, ըստ նրա, համընկնում են։ Հայկական կողմի դեմարշը, բանակցություններին չմասնակցելը կարող է սրել իրավիճակը. - «Այսինքն՝ պետք է ոչ թե սրել լարվածությունը, այլ եթե կան հակասություններ, օրինակ, Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշման միջև, պետք է օգտագործել այդ հակասությունները և փորձել դրանց վրա խաղալով բանակցություններում ավելի շահեկան դիրք ձեռք բերել»։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեռ երկու շաբաթ առաջ էր խոստացել, թե առաջիկայում կբացվի միջանցքը։
«Երբ կբացվի, կխոսենք», - պնդում է վարչապետ Փաշինյանի թիմակից Վիգեն Խաչատրյանը։ - «Կարծում եմ հակառակը՝ պիտի միջանցքը բացել, նոր խոսել և ասել, որ ցանկացած փակում միջանցքի նույն վիճակը կբերի՝ մենք խոսելիք չենք ունենա»։
«Քաղաքականության մեջ նեղանալ չկա։ Քաղաքականության մեջ կա ըմբռնում, որ այս իրավիճակում Ռուսաստանին շատ պետք է բանակցային գործընթացը, որովհետև բանակցությունների բացակայությունը կարող է հանգեցնել լարվածության աճի, ինչը Ռուսաստանին էս պահին ձեռնտու չի մեր տարածաշրջանում»։
Տարեվերջյան մոսկովյան հանդիպումը մերժելը անարձագանք չէր մնացել։ Մոսկվայից քննադատել էին, թե եռակողմ հանդիպման տապալման պատճառով հրատապ հարցեր չեն քննարկվել, այդ թվում Լաչինի միջանցքի հարցը։