Մատչելիության հղումներ

Մոսկվան ջանքեր է գործադրում Կովկասում առճակատման հնարավորությունը վերացնելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ


Մոսկվան ջանքեր է գործադրում Կովկասում առճակատման հնարավորությունը վերացնելու ուղղությամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, ընդգծելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է հստակ հետևել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Մոսկվան ակտիվորեն աշխատում է Հարավային Կովկասում կուտակված կոնֆլիկտային ներուժը հաղթահարելու ուղղությամբ: Ստեղծված իրավիճակում առաջնահերթ խնդիրներից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է», -հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչությունը, հավելելով, - «վստահ ենք, որ գործընթացի հաջողությունը ամբողջությամբ կախված է եռակողմ հայտարարությունների դրույթների հստակ կատարումից»։

Արտգործնախարարության արձագանքը հրապարակվել է անցած տարեվերջյան ասուլիսում նախարար Սերգեյ Լավրովին տրված գրավոր հարցերին ի պատասխան։ Լրագրողներից մեկը, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ ռազմավարական ի՞նչ պլան է հետապնդում Ռուսաստանը Հարավային Կովկասում, և ի՞նչ նպատակներ է դնում իր առջև առաջիկա հինգ տարիների կտրվածքով։

«Ռուսաստանը, որ անմիջականորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգիռ է, որպեսզի այստեղ կայունություն և բարգավաճում լինի», - արձագանքել է Արտգործնախարարությունը, մանրամասնելով՝ Մոսկվան հետաքրքրված է, որ բացահայտվեն և փոխշահավետ կերպով օգտագործվեն տարածաշրջանի տրանսպորտային-լոգիստիկ, առևտրա-ներդրումային և տեխնոլոգիական հնարավորությունները։

«Մեր դիվանագիտության ջանքերը հենց դրան են ուղղված», - հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև 2020-ի պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների շարքում առայժմ որևէ քայլ չի արվել տարածաշրջանի տրանսպորտային կապերն ու հաղորդակցության ուղիները բացելու ուղղությամբ։ Արդեն մոտ երկուսուկես տարի է՝ Ադրբեջանը հայտարարում է, թե այդ փաստաթղթերով Հայաստանը պետք է միջանցք տա դեպի Նախիջևան, Երևանն արձագանքում է, որ նման դրույթ որևէ փաստաթղթում չկա։

Պաշտոնական Մոսկվան մի քանի անգամ արձանագրել է, որ նոր բացվող ճանապարհները պետք է լինեն այն երկրների իրավասության ներքո, որոնց տարածքով անցնում են։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե նպատակադրված է առաջ տանել «3+3» հարթակը

Այսօր, արձագանքելով տարածաշրջանային իրավիճակին, Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև հայտարարել է, թե «նպատակադրված է առաջ տանել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ 2021-ի դեկտեմբերին մեկնարկած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը»։

«Դրական և պատեհաժամ ենք համարում այդ ձևաչափը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ համագործակցության ամրապնդման գործնական հարցերի վրա՝ ի շահ տարածաշրջանային խաղացողների», - պնդել է պաշտոնական Մոսկվան։

Առայժմ այս ձևաչափով միայն մեկ նիստ է կայացել, որին, սակայն, Վրաստանը հրաժարվել է մասնակցել՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների պատճառով։ Երևանն էլ ընդգծել էր, որ հետաքրքրված է, պայմանով, որ այստեղ չեն բարձրացվելու հարցեր, որոնք հայկական կողմը քննարկում է այլ ձևաչափերում։

Ավելի քան մեկ տարի առաջ տեղի ունեցած առաջին՝ տեսակետների հստակեցման այդ հանդիպումից հետո կողմերը երկրորդ անգամ մեկ սեղանի շուրջ դեռ չեն նստել։ Շաբաթներ առաջ, սակայն, Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Դենիս Գոնչարն ասել էր, թե «երկրորդ հանդիպումը կարող է կայանալ առաջիկա ամիսներին, և որ դրան մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Վրաստանին»։

Արտգործնախարար Լավրովին նաև հարց է ուղղվել՝ արդյոք ռուսական կողմը մասնակցում է վերջին շրջանում կրկին ակտիվացած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում։

«Մենք երկուսի հետ էլ սերտ կապ ենք պահպանում: Ողջունում ենք վերջին տեղաշարժերը, որոնք հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հեռանկարներ են ստեղծում, ինչն իր հերթին կնպաստի տարածաշրջանային իրավիճակի առողջացմանը», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

XS
SM
MD
LG