Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Արցախում 2-րդ «Կոլցո» օպերացիան է իրականացնում. իշխանական պատգամավոր


Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մելքոնյան («Քաղաքացիական պայմանագիր»)
Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մելքոնյան («Քաղաքացիական պայմանագիր»)

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի համոզմամբ՝ արդեն չորրորդ օրը Լաչինի միջանցքը չբացելով, Ռուսաստանը Արցախում երկրորդ «Կոլցո» օպերացիան է իրականացնում՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը։

Պատգամավորը հիշեցնում է 1991 թվականի իրադարձությունները, երբ կրկին ռուսական զորքերի աջակցությամբ ադրբեջանցիները հայաթափեցին Գետաշենը և այն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Նույնը, ըստ նրա, հիմա ռուսները անում են Արցախում. - «Հիմի նույն պատմությունը արդեն սկսվում ա Արցախում, որը կարելի ա անվանել «Կոլցո-2»։ Նորից ադրբեջանցիների հետ ձեռ-ձեռի տված ռուսական խաղաղապահ զորքերը կամաց-կամաց Արցախը հայաթափում են։ Մենք, օրինակ, ունենք, Փառուխի դեպքեր, Խծաբերդի դեպքեր ունենք, Հին Թաղերի դեպքեր ունենք, որ ասենք, իրանց լռությամբ էկան-մտան Փառուխ, ու իրանք էդտեղ կանգնած էին։ Լաչինի ճանապարհը գալիս են փակում են, ոչ մի բան, իրանք կանգնած են էնտեղ... Իրանք կարային, չէ՞, սկզբից եթե ցանկություն ունենային, կարային ոտի տակ, քացով տային լցնեին փորը լրիվին, քանի որ իրենց պատասխանատվության տակն ա էդ ճանապարհը»։

Մելքոնյանը հիշեցնում է, որ նոյեմեբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, հայկական ուժերը դուրս եկան Ղարաբաղի հարակից մի շարք տարածքներից՝ այդ թվում Քելաբաջարից ու Լաչինից, և Արցախի ժողովրդի անվտանգության համար պատասխանատվությունը ստանձնեցին ռուսները։ Մինչդեռ այսօր ռուս խաղաղապահները ընդամենը կանգնած նայում են և որևէ քայլ չեն ձեռնարկում։

Իշխանական պատգամավորի համոզմամբ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն այսօր միասին իրականացնում են իրենց շահերից բխող գործողություններ՝ փորձելով ստիպել Հայաստանին զիջումների գնալ։ Ընդ որում, օրակարգում ոչ միայն Ադրբեջանին Զանգեզուրով միջանցք տրամադրելու խնդիրն է, այլև Հայաստանի՝ այսպես կոչված Միութենական պետության մաս դառնալու հարցը։

Ռուսաստանի ու Բելառուսի կողմից ձևավորվող Միութենական պետությանը հոկտեմբերին անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»։ «Հավաստի աղբյուր» անունով հեղինակը գրել էր, թե Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը դառնա Միութենական պետության կամ Ռուսաստանի մաս», և այդ նպատակով փորձում է խոցելի դարձնել Հայաստանի անվտանգությունը։

«Հավաստի աղբյուրը» սրանով էր բացատրել Ադրբեջանի ագրեսիվությունը, Հայաստանում տեղակայված ռուսական զորքի ու Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։

«Ռուսաստանը տարբեր խողովակներով մեզ հասկացրել ա, որ ձեր փրկությունը էդտեղ ա, ինչքան մենք ուշացնենք, էդքան մեր վիճակը ծանրանալու ա։ Ու ինչքան մենք ուշացրեցինք, տեղի ունեցան սեպտեմբերյան դեպքերը, մայիսյան դեպքերը։ Էս ամեն ինչը մեզ ստիպում են, որպեսզի մենք գնանք դեպի Միութենական պետություն։ Հիմի ճանապարհը փակեցին... այսինքն՝ իրանք ամեն ինչ անում են, որ մենք գնանք նրան, որ մտնենք Միութենական պետության մեջ և Զանգեզուրի միջանցքը տանք», - նշեց Մելքոնյանը։

Վերջին օրերին իշխող ուժի պատգամավորները կոշտ քննադատում են Ռուսաստանին՝ շեշտելով, որ ռազմավարական դաշնակիցը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և չի բացում Լաչինի միջանցքը։

Վիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան

Մոսկվային սուր քննադատած պատգամավորներից Վիգեն Խաչատրյանը, ով երեկ խորհրդարանի ամբիոնից մեղադրել էր ռազմավարական դաշնակցին Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ, այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ռուս խաղաղապահ զորակազմը ուղղակի ցուցում է ստացել չմիջամտել Լաչինի միջանցքի փակմանը. - «Ես վստահ եմ, որ նրանք զեկուցում են, որ ճանապարհը փակում են, և նրանց պատասխանում են, որ մի խառնվեք։ Այսինքն՝ նրանց ցուցում են կատարում, երբ որ չեն խառնվում։ Որովհետև նրանք ինքնագլուխ չեն գործում»։

«Ազատություն». - Դուք տեսե՞լ եք, թե ինչ մանդատ ունեն խաղաղապահները։ Ոչ ոք այդ փաստաթուղթը չի տեսել։ Գուցե չունե՞ն այդ մանդատը։

Խաչատրյան. - «Էդ խաղաղապահները թատրոն ա, ի՞նչ խաղաղապահ... Բա էդ եմ ես ասում, ի՞նչ խաղաղապահ...

«Ազատություն». - Անվտանգություն չե՞ն ապահովում։

Խաչատրյան. - Հիմա ապահովո՞ւմ են... Է՞ս էր անվտանգությունը։

«Ազատություն». - Գոնե Ստեփանակերտ չեն մտնում։

Խաչատրյան. - Վաղն էլ կմտնեն, եթե մենք իրանց հույսին մնանք։

Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունները, Վիգեն Խաչատրյանի համոզմամբ, նշանակում են, որ Ռուսաստանի իմպերիալիստական շահերը չեն համընկնում Հայաստանի շահերի հետ, հետևաբար Երևանը պետք է վերանայի իր սերտ համագործակցությունը ռազմավարական դաշնակցի հետ։

Խաչատրյանի խոսքով, Հայաստանի անցած 30 տարիների լուրջ վրիպումների մեկն այն է եղել, որ ինքնուրույն իր կարողությունները զարգացանելու փոխարեն, իր բոլոր ռեսուրսները հանձնել է Ռուսաստանին և մշտապես ապավինել ռազմավարական գործընկերոջ աջակցությանը։

Ըստ իշխանական պատգամավորի, ժամնական է հասկանալ, որ սա փակուղի տանող ճանապարհ է. - «Մեզ պետք ա հասկանալ, որ մեր ապագան Ռուսաստանի հետ չի։ Եթե ապագայից ենք խոսում, հայկական պետականության, ազգային շահերի, մենք պիտի մեր ժողովրդին բացատրենք, որ Հայաստանի ազգային շահերը այլևս ռուսական շահերի հետ չեն համընկնում»։

Ի տարբերություն իշխանական պատգամավորների՝ Հայաստանի գործադիր իշխանությունը, ի դեմս վարչապետի, հրապարակավ չի խոսել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները վերանայելու մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG