Մատչելիության հղումներ

«Սա նախերգանքն է Միութենական պետության». Հայաստանում Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարության մեջ մի շարք խնդրահարույց կետեր են տեսնում


Պատերազմից հետո իշխանական պատգամավորի մանդատից հրաժարված, այժմ քաղհասարակության ներկայացուցիչ Գայանե Աբրահամյանը Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների երեկվա համատեղ հայտարարության մեջ մի շարք խնդրահարույց կետեր է տեսնում։

«Սա նախերգանքն է Միութենական պետության», - նշեց Աբրահամյանը:

Պատերազմի պատճառներից մեկն էլ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությանը Ռուսաստանի կոշտ հակազդեցությունն էր։ Ուկրաինայի մասին ուղիղ շեշտադրում չկա, բայց, ըստ հայտարարության տեքստի, Փաշինյանը և Պուտինը խորը մտահոգություն են հայտնել միջազգային անվտանգության ոլորտում բարդացող իրավիճակի առնչությամբ: Ոչ մի պետություն, միություն կամ կոալիցիա չեն կարող ապահովել իրենց անվտանգությունն այլ պետությունների հաշվին: Այս ու մյուս՝ ՄԱԿ-ում և այլ հարթակներում Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների համադրման մասին կետը, ըստ Աբրահամյանի, կարող են վերջ դնել այն չեզոքությանը, որը Հայաստանին հաջողվում էր պահպանել պատերազմից ի վեր։ Հայաստանը Ռուսաստանի դեմ բանաձևերին կա՛մ չի քվեարկել, կա՛մ ձեռնպահ է եղել։

«Նման շեշտադրումները վստահ չեմ, որ կարողանալու են Հայաստանին ներվել: Մենք ստացվում է, որ կորցնում ենք և Արևմուտքին՝ Ռուսաստանից նման պայմանագիր ստորագրելու համար, վստահաբար պետք է դրա դիմաց ստանայինք բավական լուրջ շահ: Ես այստեղ չեմ տեսնում և վստահ չեմ, թե մեր պետական շահն այդտեղ առաջ է մղվել և ինչ-որ մի բան մենք ստացել ենք Ռուսաստանից», - ասաց քաղհասարակության ներկայացուցիչը:

Աբրահամյանի ձևակերպմամբ, դրանք ուղենիշեր են՝ ինչպես Հայաստանը պետք է այսուհետ իրեն պահի միջազգային տարբեր հարթակներում. - «Կարող ենք փաստել կամ որևէ կերպ չբացառել, որ այլևս մենք ՄԱԿ-ում չենք կարողանալու ունենալ սուվերեն քվեարկություններ»:

«Մեծ ռիսկեր կան, որ հնարավոր է Արևմուտքն արդեն մեզ էլ պատժամիջոցների ինչ-որ ցանկերում ներառի», - նշեց տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը:

Տնտեսագետ Ավետիսյանն ընդհուպ պատժամիջոցների հեռանկար է տեսնում։

Համատեղ հայտարարության մեջ Փաշինյանը և Պուտինը մտահոգություն են հայտնել «մի շարք երկրների կողմից միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման կապակցությամբ, մտադրություն հայտնել միասին հաղթահարել դրանցով պայմանավորված մարտահրավերները, այդ թվում՝ երկու երկրների պարենային և էներգետիկ անվտանգության, լոգիստիկայի և այլ բնագավառներում»։

Հայաստանը միանում է Արևմտյան պատժամիջոցների քննադատությանը. կարճ ձևակերպեց տնտեսագետը։ Այն, ինչի մասին խոսել են, ըստ նրա, արդեն տեսանելի է՝ շատ ռուսաստանցիներ այս շաբաթներին Հայաստանում իրավաբանական նոր հասցե ու բանկային տվյալներ են ձեռք բերում ու կարողանում են շրջանցելով պատժամիջոցները շարունակել աշխատանքը։ Արևմուտքում դա գիտեն, բայց հայտարարությունը, ըստ Ավետիսյանի, էլ ավելի է սևեռում ուշադրությունը Հայաստանի վրա։ Տնտեսագետը չի բացառում, որ Ռուսաստանի համար կենսական նշանակության ապրանքներն էլ կարող էն Հայաստանի մաքսակետերով հասնել Ռուսաստան:

«Պատժամիջոցները ամենայն հավանականությամբ ոչ թե կլինեն, օրինակ, կոնկրետ Հայաստանի վրա, այլ կլինեն ԵԱՏՄ վրա: Նույն Արևմուտքը գիտի, որ դա Ռուսաստանի ստեղծած տնտեսական միությունն է, այսինքն դա ֆիկտիվ կառույց է, ինչպես մնացյալ բոլորը, որով նա փորձում է իր տնտեսական գերիշխանությունը սահմանել իր ազդեցության գոտում գտնվող երկրներում: Նաև հասկանում են, որ՝ այո, Հայաստանին օգտագործում են, բայց Հայաստանն էլ քաղաքական կամք չունի, որ խելամիտ վարվի այս պարագայում, գոնե բացահայտ հայտարարությունների տեքստերից խուսափի», - ընդգծեց Հովհաննես Ավետիսյանը:

«Կարող է համագործակցության շրջանակներում հայաստանյան հատուկ ծառայությունները գործարկվեն հենց հայաստանցիների դեմ, եթե նրանք ռուսների համար ոչ հաճելի ինչ-որ տեղեկատվություն են հրապարակում: Սրան գումարեք նաև, որ Հայաստանում հիմա մեծ թվով ռուսաստանցիներ են, ովքեր ինչ-որ դեպքերում այլախոհներ են կամ այնպես չեն մտածում, ինչպես իրենց այլ համաքաղաքացիները, ովքեր մնացել են Ռուսաստանում, նաև այդ մարդկանց համար է սա հավելյալ սպառնալիք ստեղծում», - ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով խորհրդատու Արթուր Պապյանը:

Համատեղ հայտարարության մի կետն էլ անհանգստացրել է տեղեկատվական անվտանգության հարցերով խորհրդատու Պապյանին։ Թե՛ Պուտինին, թե՛ նախկին լրագրող Փաշինյանին, պարզվեց, մտահոգել է պետությունների ներքին գործերին միջամտելու նպատակով ժամանակակից տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառման աճը։ Պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը։ Միայն մտահոգությունով կողմերը չեն բավարարվել, Անվտանգության խորհրդի քարտուղարները նաև առանձին փաստաթղթով են ամրագրել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցությունը։

Ըստ Պապյանի՝ այսպիսով Հայաստանի վրա էլ կարող են տարածվել ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների նկատմամբ մասնավորապես պատերազմից ի վեր կիրառվող սահմանափակումները։

«Մենք գիտենք, որ Ռուսաստանն այսօր ծայրահեղ ավտորիտար դիկտատուրական երկիր է և այստեղ խոսքի ազատությունը արդեն դիտարկվում է որպես հանցագործություն, այստեղ պատերազմը անվանել պատերազմ արդեն հանցագործություն է, պետք է միայն ասել՝ հատուկ գործողություն, և Հայաստանը որևէ ռեսուրս չունի, իհարկե, այստեղ դիմադրելու և եթե համագործակցության հուշագիր էլ է ստորագրվում և կողմերն աշխատում են, Ռուսաստանը կարող է շատ պարզ հրահանգել, թե ինչը պետք է Հայաստանի տարածքում արգելափակվի, որովհետև դա հանցագործություն է, որովհետև օրինակ՝ հայաստանյան լրատվամիջոց կարող է համարձակվել Ուկրաինայում տեղի ունեցածը պատերազմ անվանել, այսինքն, իրերն իրենց անունով կոչել», - ընդգծեց Պապյանը:

Գայանե Աբրահամյանն ասում է՝ այս փաստաթղթով ճանապարհ է հարթվում այն ամենի համար, ինչին տարիների ընթացքում ռուսական կողմը ձգտում էր հասնել, իսկ Հայաստանին հաջողվում էր խուսափել։

Հայաստանում Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարության մեջ մի շարք խնդրահարույց կետեր են տեսնում
please wait

No media source currently available

0:00 0:05:32 0:00

XS
SM
MD
LG