Ռուս խաղաղարար կոնտինգենտն Արցախում է Ռուսաստանի շահերը սպասարկելու համար՝ ի հաշիվ առաջին հերթին Ադրբեջանի, երկրորդ հերթին Հայաստանի, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը։
Աբսուրդ է հավատալը, թե ռուս խաղաղապահները այնտեղ են արցախահայությանը պաշտպանելու համար, շեշտեց քաղաքագետը՝ դա մանկամտություն որակելով։
«Ռուս խաղաղարար կոնտինգենտն այնտեղ երկու նպատակ ունի՝ որպես ճնշման գործիք և որպես զիջումների գործիք ծառայել առաջին հերթին Ադրբեջանի և երկրորդ հերթին Հայաստանի համար, որովհետև խնդիրներն ավելի լուրջ են և ավելի Ռուսաստանի համար կարևոր են այս պահի դրությամբ Ադրբեջանի հետ, քան Հայաստանի։ Թե հիմա որ վիճակում ինքը կդառնա ճնշման գործիք, որ իրավիճակում կդառնա սիրաշահման գործիք, դա արդեն կախված է իրավիճակից», - ասաց Քոչինյանը։
Քոչինյանն այս հայտարարությունը տեսնում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով Մինսկի խմբի համանախագահությանը դիմելու տրամաբանության մեջ։
Քաղաքագետի համոզմամբ, Հայաստանի պետականությունը հարատևելու միակ ճանապարհը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելն է։
«Կա՛մ Ռուսաստանի թուլանալով, կա՛մ Ռուսաստանի ուժեղանալով էս բոլոր ճանապարհները մեզ տանում են մեկ ուղղությամբ, եթե մենք մեր հարաբերությունները չենք կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, էս բոլոր ճանապարհները մեզ տանում են դեպի Միութենական պետություն, իսկ դրանից հետո դեպի ռուսական կայսրության կազմը մտնել, այ էս սցենարն է ամենավտանգավորը», - եզրափակեց Քոչինյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․