Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ ինքը տեղյակ չէ, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կամ հենց Դաշնության մաս։ Տեղեկությունը, հղում անելով հավաստի աղբյուրին, հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»։
Ըստ պարբերականի՝ սցենարը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի Երևանը րոպե առաջ դիմի միութենական պետության մաս դառնալու համար։ Հրապարակման մեջ նաև պնդում կա՝ Ռուսաստանը Հայաստանի տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև նաև Ադրբեջանն ու Թուրքիան են ուզում, որ այն Մոսկվան վերահսկի։
«Նման խոսակցություն չկա, ու գիտեք ինչ, ինձ համար չի էլ կարող լինել՝ Հայաստանի անկախությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն: Բացառում եմ, որ նման բան լինի, ու ես չիմանամ», - ասաց նա:
Պաշտոնական Մոսկվան արդեն արձագանքել է «Հայկական ժամանակի» հրապարակմանը։ Կրեմլի խոսնակը դա «ակնհայտ անհեթեթություն» է որակել։
Ընդ որում, պարբերականը արդեն երկրորդ օրն է՝ «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ անանուն հրապարակումներ է անում բանակցային գործընթացին առնչվող դետալների վերաբերյալ։ Երեկ էլ պնդել էր, թե հրապարակում է Ադրբեջանի 5 հիմնական պահանջները Հայաստանից՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լուծարում, Ղարաբաղի ճանաչում Ադրբեջանի կազմում զրո կարգավիճակով, միջանցք Հայաստանի տարածքով, և որ սահմանագծումն իրականացվի 1919-1920-ական թվականների քարտեզներով, ինչպես նաև անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, ըստ հրապարակման՝ հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար, ըստ վարչապետի ընտանիքին պատկանող պարբերականի հրապարակման, կա՛մ պետք է բավարարել այդ պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ էլ Ադրբեջանին ստիպել-համոզել հրաժարվել այդ պահանջներից:
Նիկոլ Փաշինյանի թիմակից Ալեն Սիմոնյանը հայտարարում է՝ «Հայկական ժամանակի» անանուն հոդվածագրին հավաստի աղբյուր չի համարում։ Բայց չի էլ բացահայտում՝ Հայաստանի առաջարկները որոնք են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը մերժել է Երևանի առաջարկները՝ պնդելով, որ Ղարաբաղի հարցը լուծված է, ու հիմա ինչ սկզբունքների հիման վրա են ընթանում կիրակի օրվանից մեկնարկած խաղաղության պայմանագրի բանակցությունները, անհայտ է:
«Այդ առաջարկները դեռ չեն քննարկվել և չեն որոշվել: Ի՞նչ բացահայտեմ, դրանք կան, ես չե՞մ բացահայտում: Ոչ, դրանք հիմա բացահայտման ենթակա չեն», - արձագանքեց Ալեն Սիմոնյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ ՀԺ-ում հայտնված հրապարակման հեղինակը հենց վարչապետ Փաշինյանն է։ Ընդդիմադիր պատգամավորը կարծում է՝ դա ոչ թե Փաշինյանի օգնության ճիչն է, այլ՝ ճիշտ հակառակը, որ հետո՝ զիջումների դեպքում արդարանա, թե հանրությունը գիտեր՝ ինքն ինչի է գնում:
«Այն կետերը, որոնք առկա են այսպես ասած՝ հոդվածի մեջ, ենթադրում են վատագույն սցենարը Հայաստանի և Արցախի ահմար: Ուզում եք տրամադրությունները ստուգել անվանեք, ուզում եք գոլորշին բաց թողնել անվանեք, բայց սրա ամբողջ տրամաբանությունը նա էր, որպեսզի ամիսներ անց ինքն ասի՝ բայց դուք գիտեիք՝ ես ինչի եմ գնում», - ասում է նա:
Ալեն Սիմոնյանը պնդում էր՝ չկա փաստաթուղթ, չկան նոր առաջարկներ։ Բայց տեղին չի համարում վարչապետի կամ իր հերթական լայվը, որը չուշացավ, օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Բաղրամյան պողոտայում հազարավոր ցուցարարներ հավաքվեցին։
ՔՊ-ականներն այսօր հիմնականում պնդում էին՝ տեղյակ չեն, թե ինչ հրապարակման մասին է խոսքը՝ չեն կարդացել, չեն լսել։
Չնայած «Հայկական ժամանակի» հրապարակման մեջ նկարագրված Ադրբեջանի պահանջները Հովիկ Աղազարյանի համար անընդունելի են, կարծում է՝ դրանցով պետք է Ղարաբաղի իշխանությունը զբաղվի. «Զինված ուժերի չլինելը, լուծարումը ինձ համար անընդունելի են, բայց այդ բոլոր հարցերով պետք է զբաղվեն Արցախի կողմից ընտրված օրինական իշխանությունները»:
«Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը կարծում է՝ Փաշինյանը կաշկանդված է բանավոր խոստումներով, ասում է՝ հիմնական բանակցողը պետք է փոխվի, իսկ թե ի՞նչ են անելու դրա համար՝ արդյոք հանրահավաքներ, չեն հստակեցնում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար վարչապետի փոփոխության հարցը քննարկելն անգամ աբսուրդ է: Իշխանական ՔՊ-ից այլ վարչապետ ընտրելու առաջարկը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին էր։
«Ես ինձ առանց իմ երկրի այսօրվա ղեկավարի քաղաքական ասպարեզում այս պահի դրությամբ ընդհանրապես չեմ պատկերացնում», - ասաց նա: