Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցով Հայաստանի առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ կոչ անելով արձագանքել ու գնահատական տալ՝ մարդասիրական աղետը կանխելու համար, «Ազատությանը» փոխանցեցին գերատեսչությունից։
Լաչինի միջանցքը փակ պահելու հետևանքով արցախահայերը կանգնած են առողջապահական և հումանիտար ճգնաժամի առաջ, ժամեր առաջ Թվիթերում նաև գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը շեշտել է՝ անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող մարդիկ չեն կարող տեղափոխվել Երևան, ինչպես նաև դեղորայք և մարդասիրական օգնություն չի հասցվում Արցախի բնակչությանը։
Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն էլ «Ազատությանը» փոխանցեց, որ կապի մեջ են Ստեփանակերտի հետ, Երևանից բժիշկները պարբերաբար հեռախոսով տեղականում են հիվանդների առողջական վիճակից, բուժումներ կազմակերպում։
«Սպասում ենք իրեց [միջազգային հանրության] արձագանքին։ Պատրաստ ենք, աշխատում ենք բոլոր ուղղություններով, մնացածը ժամանակը ցույց կտա», - ասաց նախարարի խոսնակը։
Արդեն երրորդ օրն է՝ Ստեփանակերտից ահազանգում են՝ փակ ճանապարհի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամ է հասունանում. Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդներ կան, որ փակ ճանապարհի պատճառով չեն կարողանում Երևան հասնել։ Նույն բժշկական կենտրոնից երեկ «Ազատությանը» հայտնել էին, որ եթե ճանապարհը փակ մնա, առաջիկայում նաև դեղորայքի ու բժշկական պարագաների խնդիր կունենան։