Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հետ կապի բացակայությունը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ հանդիսանալ այդ բնակավայրերում, հայտարարում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները:
Ըստ հաղորդագրության, Ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում: Շուշիի շրջանի վարչակազմը, Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, պահպանում է կապը համայնքների հետ և «կատարվում են հնարավոր բոլոր գործողությունները այդ համայնքների հրատապ կարիքների բավարարման նպատակով»:
Արդեն մեկ օր է փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։