Մատչելիության հղումներ

Ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը փորձում է կլանել Արցախը, ներխուժել ներքին կյանք. Տիգրան Աբրահամյան


Ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը փորձում է կլանել Արցախը, ներխուժել ներքին կյանք, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Առավոտից կրկին փակ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը, ի՞նչ է ուզում Ադրբեջանը:

Աբրահամյան. - Ես կարծում եմ, որ այսօր տեղի ունեցած այս միջադեպը պետք է դիտարկել վերջին 15 օրվա իրադարձությունների համատեքստում, որովհետև Ադրբեջանը մինչև այս վերջին իրադարձությունները, բավականին ինտենսիվ տեղեկատվական քարոզչական դաշտ էր նախապատրաստում, մասնավորապես, անընդհատ հրապարակումներ էին լինում Արցախում ստեղծված իբրև թե վտանգավոր բնապահպանական իրավիճակի մասին, Արցախի ընդերքի ապօրինի օգտագործման մասին և այլն, և ակնհայտ է դառնում, որ սա ինչ-որ ավելի մեծ գործընթացի հիմքն է: Ընդ որում՝ ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ այս պահին, չնայած «բնապահպանական ակցիաների» ներքո է այս ամենն իրականանում, բայց ակնհայտ է, որ սրանք համակարգված գործողությունների մաս են կազմում, և Ադրբեջանը, ըստ տարբեր սցենարային զարգացումների, ունի նախապես մշակված փաստացի տարբերակներ, և իրավիճակի վտանգավորությունը հենց առաջին հերթին պայմանավորված է դրա համակարգային բնույթը լինելու հանգամանքով: Այսօր կլինի բնապահպանական քողի ներքո, վաղը՝ մեկ այլ քողի ներքո, բայց փաստն այն է, որ Ադրբեջանը բավականին ակտիվացնում է սադրանքների բնույթը, և դրանց վտանգավորության աստիճանը բավականին մեծացել է:

«Ազատություն». - Ի՞նչ նպատակով:

Աբրահամյան. - Կարծում եմ՝ երկու հիմնական խնդիր կա Ադրբեջանի առաջ դրված. առաջինը՝ փորձում են այս փուլում Արցախի նկատմամբ այս ոչ համարժեք գործողությունների միջով հասնել իրենց գլխավոր նպատակի իրացմանը, այն է՝ Արցախը Ադրբեջանի կազմում Հայաստանի ճանաչմանը բերելու գործընթացին, ավելի բաց ասած՝ փորձում են խաղաղության բանակցությունները, որը շատ դժվար է խաղաղության անվանել իրականում, բերել հասցնել մի կետի, որտեղ ստորագրվի մի փաստաթուղթ, որում Արցախը կֆիքսվի որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս: Երկրորդը՝ սրան զուգահեռ Ադրբեջանը նաև փորձում է գործի դնել փափուկ ուժի կիրառման այս գործողությունները, իհարկե, այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում ոչ թե փափուկ ուժի կիրառում է, այլ՝ հակառակը, բայց սրան զուգահեռ իմ համար գոնե նկատելի է, որ Ադրբեջանը զուգահեռ փորձում է փափուկ ուժի կիրառման միջոցով հասնել Արցախի ինտեգրմանը, ավելի կոնկրետ՝ Արցախի կլանմանը: Սրա ճանապարհին նրանք փորձելու են տարբեր ճանապարհներով ներխուժել Արցախի ներքին կյանք ու Արցախի համար ստեղծել իրավիճակ, երբ այլևս որևէ այլ քայլ անելու հնարավորություն չի մնում:

«Ազատություն». - Իսկ միջանցքի վրա որևէ վերահսկողություն սահմանելու նպատակ չե՞ն հետապնդում այս գործողություններով։

Աբրահամյան. - Կարելի է իհարկե դիտարկել նաև որպես Ռուսաստանի դեմ ուղղված քայլ, հատկապես, որ միջանցքի պահպանության հարցը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով դրված է ռուս խաղաղապահների վրա, բայց այս իրավիճակում, անկախ դրդապատճառներից և անկախ այն իրավիճակից, որը այսօր ստեղծված է՝ այսօր փաստացի ճանապարհը փակ է, ադրբեջանցիները վրաններ են տեղակայում, շատ ավելի երկարաժամկետ ճանապարհը փակելու հայտ են ներկայացնում, այս պայմաններում իհարկե Հայաստանի և Արցախի համար կարևոր է հասկանալ, թե ինչպես ենք շարժվում այս իրավիճակում քաղաքական, դիվանագիտական և, Աստված մի արասցե, եթե հասնի բանը դրան, նաև ռազմական հարթության մեջ։

«Ազատություն». - Դուք տեսնում եք այդպիսի վտանգ։

Աբրահամյան. - Բավականին մեծ է դրա հավանականությունը։ Ընդ որում, Ադրբեջանը կարող է իրավիճակը հասցնել մի կետի, որ հայկական կողմը ստիպված կլինի դիմել որևէ գործողության։ Որովհետև հասկանալի է, որ միջանցքի երկարաժամկետ փակումը շատ ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու։

«Ազատություն». - Ինչի՞ համար են ռուսները էնտեղ կանգնած, որ անընդհատ էս պատմությունները պիտի լինեն։

Աբրահամյան. - Ռուսները Արցախում են, որպեսզի թույլ չտան արյունահեղություն։ Որքան ես եմ հասկանում, որպես կանոն, խաղաղապահ ուժերի դեպքում այդպես է լինում։ Բնականաբար, նրանք զինված են, բայց կարող են դա կիրառել այն պարագայում, երբ որ իրենց անձնակազմի կյանքին վտանգ սպառնա։ Եվ բնականաբար, աշխատում են առավելագույնս որևէ կոշտ միջոցների չդիմել։ Բնականաբար, գիտակցելով այդ ամենը, պաշտոնական Բաքուն օգտագործում է հնարավոր բոլոր սողանցքները Արցախի նկատմամբ ճնշումը մեծացնելու և իր ուզած պահանջների բավարարմանը հասնելու համար։

«Ազատություն». - Բայց հիմա չպիտի՞ ռուսները թեկուզ հարկադրանքի գործադրմամբ այդ բնապահպան ներկայացող մարդկանց դուրս բերեն ճանապարհից։

Աբրահամյան. - Այդ մարդկանց ճանապարհից դուրս բերելու գործառույթը, բնականաբար, Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանն է։ Սրան երկրորդ կարծիք չի կարող լինել, որովհետև Արցախի իրավապահ համակարգի որևէ միջամտություն միանգամից բերելու է ռազմական գործողությունների, նվազագույնը լոկալ առումով, վերսկսմանը։ Ես կարծում եմ, որ ռուսական կողմը այս մասին գիտակցում է և փորձելու է ամեն դեպքում այս իրավիճակը ինչ-որ ձևով հանգուցալուծել։ Եվ այստեղ պետք է ձևակերպել գլխավոր խնդիրը՝ ի՞նչ գին կվճարեք, երբ որ այդ ճանապարհը բացվի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG