Մատչելիության հղումներ

Որևէ միջազգային համակարգ չի կարող հիմնված լինել բացառապես «ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա. Միրզոյան


44-օրյա պատերազմի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն. հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումին հայտարարեց Հայաստանի արտաքին գերծերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ Գլոբալ ֆորումը պետք է կայանար դեռ 2020 թվականի դեկտեմբերին, սակայն այն հնարավոր չեղավ իրականացնել, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղում սանձազերծված պատերազմի պատճառով:

«Այդ ագրեսիվ պատերազմի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն, ավելին, նախորդ տարվա մայիսին ու նոյեմբերին և այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվեց Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչի հետևանքով տեղի ունեցան մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում՝ կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի, սեփականության, գերիների հետ վարվելակերպի», - հայտարարել է Միրզոյանը:

ԱԳ նախարար ընդգծել է, որ հայ ժողովուրդը առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն՝ նշելով, որ այս իրավիճակը երկարատև գործընթացի արդյունք է, «երբ տարիներ շարունակ հայերի հանդեպ իրականացվող ծայրահեղ ատելության տարածումը, ռազմական կարողությունների հետևողական զարգացումը ի վերջո վերածվեցին ուժի կիրառման»:

«Հարկ է նշել, որ ուժի կիրառմամբ արտաքին քաղաքական խնդիրների լուծման մոտեցումը, որը դրսևորվում է աշխարհի տարբեր անկյուններում նոր պատերազմների և հակամարտությունների բռնկմամբ, վկայում է համաշխարհային անվտանգային համակարգի ճգնաժամի մասին: Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն որևէ միջազգային համակարգ չի կարող հիմնված լինել բացառապես «ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա, քանզի, ինչպես գիտենք, ուժեղից միշտ էլ առավել ուժեղը կա, և հարատև պատերազմն անգամ չի կարող արձանագրել ուժերի վերջնական ճշգրիտ հավասարակշռությունը», - ասել է նա:

«Առանց խաղաղ համակեցության համընդհանուր նորմերի, միջազգային իրավունքի և երկակի ստանդարտների չենթարկվող կարմիր գծերի, աշխարհը չի կարող վերագտնել խաղաղություն և զարգացում: Ակնհայտ է նաև, որ բազմակողմանիության ներկա ճգնաժամից հետո մեզ անհրաժեշտ է նորովի իմաստավորել միջազգային հարաբերությունները և գտնել ժողովուրդների համակեցության նոր կոնսենսուս», - ասել է նախարարը, շարունակելով, - «դժվար է այսօր կանխատեսել ինչպիսին կլինեն այդ միջազգային կոնսենսուսի բոլոր տարրերը, սակայն ակնհայտ է, որ ցեղասպանությունների և էթնիկ զտումների, կրոնական և ազգային խտրականության և ատելության անթույլատրելիությունը և դրանց կանխարգելումը, մարդու իրավունքների, այդ թվում և խմբային, հավաքական իրավունքների պաշտպանությունը պետք է դառնան այդ կոնսենսուսի հիմնասյուներից մեկը»:

Խոսելով ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող կառույցների մասին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել, որ այս հարցում մեծ դերակատարում ունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը։ Նա նաև կարևորել է ՄԱԿ-ի այլ մարմինների աշխատանքը:

«Ցանկանում եմ շեշտել այն դերակատարումը, որը ցեղասպանության կանխարգելման գործում ունենում է Հայաստանի կողմից նախաձեռնված և երկու տարին մեկ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։ Բանաձևն իր ծանրակշիռ ներդրումն է ունենում Ցեղասպանության կանխարգելման և պատժի կոնվենցիայի դրույթների կիրառելիության ապահովման և համապատասխան նորմատիվ հիմքերի ձևավորման գործում։ Այն յուրահատուկ գործողությունների ծրագիր է, որը նախանշում է այս առումով հետագա քայլերը, նպատակներն ու անելիքները՝ միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով ռիսկերին և մարտահրավերներին: Նման մարտահրավերների թվին՝ 2022 թվականի մարտին ընդունված բանաձևը, դասեց նոր տեխնոլոգիաների կիրառումը և դրանից բխող վտանգները:

Կանխարգելման օրակարգում իր ուրույն տեղն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, քանի որ հենց այս կառույցի կողմից ժամանակին և արդյունավետ միջոցների կիրառումը գործուն հնարավորություն կարող է ստեղծել ցեղասպանությունները կանխարգելելու համար», - նշել է Արարատ Միրզոյանը:

Նա նշել է նաև, որ «շատ արդյունավետ համագործակցության ձևաչափ է Զանգվածային ոճրագործությունների հանցագործությունների դեմ համաշխարհային գործողություն (GAAMAC) դաշինքը, որին Հայաստանը միացել է որպես գործընկեր»:

«21-րդ դարն ու նոր տեխնոլոգիաների զարգացումը չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ նաև Ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վրա։ Այսօր ծառացել են նոր մարտահրավերներ, հայտնվել են նաև նոր գործիքներ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման համար։ Այս ֆորումի աշխատանքների շրջանակներում հրավիրում եմ բոլորիդ քննարկում ծավալել հնարավոր առկա նոր գործիքները ի չարս օգտագործելու դեմ պայքարի, և ի բարօրություն գործածելու արդյունավետ մեխանիզմների մասին», - հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG