Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով՝ միջադեպի վերաբերյալ տեղեկացրել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
«Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ», - ասված է հայտարարությունում:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ակցիան անցկացնում են բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունները՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։ Նրանք հանդիպում են պահանջում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։
Ակցիայի մասնակիցները տարածքում՝ հենց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։
Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ անցնող շաբաթ տեղի ունեցած բանակցությունների արդյունքների համաձայն՝ դեկտեմբերի 10-ից ստուգումներ են սկսում Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։
Այսօր, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ահազանգում են պոտենցիալ ցեղասպանության սպառնալիքի մասին։
Լաչինի միջանցքը ցեղասպանությունը կանխարգելելու միջանցք է՝ շեշտեց գործադիրի ղեկավարը՝ պարզաբանելով՝ փակել այդ միջանցքը, դադարեցնել այդ միջանցքի գործունեությունը, նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության երեք տարբեր սցենարներով՝ հայաթափում, ինքնության կորուստ, բուն ֆիզիկական ոչնչացում։
Հայտարարություն է տարածել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման։
Համոզմունք հայտնելով, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես Արցախի ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ «կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված Արցախի ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ», Արցախի նախագահը կարևորել է նաև միջազգային հանրության այլ դերակատարների անելիքներն՝ ընդգծելով՝ «ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը»:
Խնդրին անդրադարձել է նաև վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Լաչինի միջանցքը պետք է գործի սովորական ռեժիմով, Թվիթերում գրել է Մարուքյանն՝ ադրբեջանցիների՝ ճանապարհը փակելու քայլը որակելով սադրանք և 2020 թվականի եռակողմ հրադադարի հայտարարության կոպիտ խախտում։
«Հուսանք, որ դա չի հանգեցնի հումանիտար ճգնաժամի, և ողջախոհությունը կհաղթի», - գրել է Մարուքյանը։
Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին ադրբեջանցիները փակել էին նաև մեկ շաբաթ առաջ՝ պատճառաբանելով, թե «Արցախում օգտակար հանածոներն ապօրինի շահագործում են բնապահպանական ռիսկերով»: Պաշտոնական Երևանը Ադրբեջանի բնապահպանական մեղադրանքները կապեց Լաչինի միջանցքը փակելու մտադրության հետ։