Արցախի խորհրդարանի խմբակցություններն այսօր խստորեն դատապարտել են «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը»:
«Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին», - ասված է հայտարարությունում:
Խորհրդարանականներն արցախցիներին հորդորում են ցուցաբերել զսպվածություն, լինել զգոն, «որպեսզի միասնական ջանքերով կանխենք ադրբեջանցիների ցանկացած սադրիչ գործողություն»:
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում կոնկրետ քայլերով գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները: Ռուս խաղաղապահներին հորդորում ենք եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները», - ասված է հայտարարությունում:
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն իր հայտարարությունում համոզմունք է հայտնում, որ փակելով միջանցքը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նպատակ ունի «փոխել ստատուս քվոն, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը, ստուգել մեր զգոնությունը, եթե բացակայում է ՝ հայաթափել Արցախը»:
«Կոչ ենք անում միջազգային հանրության շահագրգիռ կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները և ադեկվատ զսպման մեխանիզներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Դիմում ենք ՀՀ իշխանություններին և ժողովրդին, սփյուռքահայությանը, Արցախում ապրող մեր հայրենակիցներին ՝ հանուն Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության պաշտպանության, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, այլապես վաղը ուշ կլինի», - հայտարարում է Արցախի խորհրդարանի խոսնակը:
Այսօր առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: