Մատչելիության հղումներ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը դեռ փակ է, բանակցությունները շարունակվում են


9-րդ ժամն է՝ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել՝ ներսում թեյ են խմում, դրսում կրակի շուրջ տաքանում են:

«Ադրբեջանական կողմից դեռևս որևէ դրական արձագանք չկա: Մեզ այսօր հաջողվեց ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հասնել Շուշիի այն հատվածը, որտեղ փակել են ճանապարհը բնապահպանական պատճառաբանությունից ելնելով: Այնտեղ տեղադրված էին վրաններ, այնտեղ էին քաղաքացիական հագուստով անձինք, լրագրողներ», - ասաց Արցախի ՆԳ նախարարության մամլո խոսնակ Հունան Թադևոսյանը:

Արցախի ներքին գործերի նախարարության մամլո խոսնակի տեղեկացմամբ՝ հարյուրավոր հայեր՝ կանայք, երեխաներ մնացել են ճանապարհին, այս պահին ոչ Արցախ մտնել է հնարավոր, ոչ էլ Արցախից դուրս գալ: Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ: Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

«Այս պահին շատ ցուրտ եղանակ է Արցախում, հատկապես այդ հատվածում՝ որպես բարձրադիր գոտի: Ընդամենը մի քանի կմ տարածք է Շուշիի առաջին մուտքից մինչև վերջին մուտքը, այդ հատվածում մնացել էին բազմաթիվ մեքենաներ, որոնք ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից ուղեկցվել են դեպի Ստեփանակերտ: Իսկ այն քաղաքացիները, որոնք Հայաստանից են գալիս Արցախ, նրանք այս պահին ժամանակավոր մնացել են Գորիս քաղաքում», - ասաց Թադևոսյանը:

Ադրբեջանցի ցուցարարները առավոտյան 10:30-ից պահանջում են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովին, իսկ նա չկա:

Ադրբեջանական «Այ Թի Վի» հեռուստաընկերությունն է դեպքի վայրից ուղիղ հեռարձակվում. բնապահպանական պլակատներ են, ադրբեջանական դրոշներ և տասնյակ ռուս խաղաղապահներ, ճանապարհի այդ հատվածին նաև ծանր զինտեխնիկա է մոտեցել:

«Ես բնապահպանական կազմակերպության 23 տարվա ղեկավար եմ ու մոնիտորինգ եմ անում Ադրբեջանում», - ասում էր մի տիկինը: Նրանք Վոլկովին պահանջում են, որ հարցնեն՝ թե ինչո՞ւ են շաբաթ օրն արգելել իրենց մտնել Դրմբոնի ու Կաշենի հանքավայրեր, այս հանքերը Մարտակերտի շրջանում են:

Շաբաթ առավոտյան Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, թե մոնիտորինգ են սկսում այդ հանքերում, նույն օրը մի խումբ ադրբեջանցիների փորձել էին հանքեր մտնել, բայց արցախցիների արգելքին էին հանդիպել։ Հաջորդ քայլը միջանցքի փակումն է:

«Մեր տարածքում, Ադրբեջանի տարածքում բնապահպանական ահաբեկչություն է, մեր օգտակար հանածոները շահագործում են», - հայտարարեց նա:

Ոսկին, մոլիբդենը, թվարկում է տիկինը և խնդրում միջազգային հանրության ուշադրությունը, որ Արցախի ընդերքի, իր խոսքով, ապօրինի շահագործումը դադարեցվի:

Պարզից էլ պարզ է, որ էկո-ակտիվիստների ցույցը Ղարաբաղում բեմադրված է, Ֆեյսբուքում գրել է ակտիվիստ, Բնապահպանության նախարարության նախկին խորհրդական Ջավիդ Քառան. - «Դա շոու է, մեզ մի հիմարեցրեք։ Մարդիկ, որ իրենց երկրում բնապահպանական խնդիրների համար երբևէ փողոց դուրս չեն եկել, բարոյական իրավունք չունեն բողոքել թշնամու բնապահպանական հանցագործություններից։ Մենք չենք տեսել այս ցուցարարներին, երբ նախարարությունը վաճառքի էր հանում արգելանոցները, ազգային հարստությունը»:

Բնապահպան ներկայացող ցուցարարների շարքում էր նաև Թելման Գասիմովը՝ պրոիշխանական ռազմական փորձագետ, հայերենի իմացությամբ: Արցախցիներին է դիմում՝ «եկեք նստենք- վեր կենանք միասին, մի երկրում ենք»:

«Մենք ձեզ սպանելու մտադրություն չունենք, ձեզ հետ խնդիր չունենք, պատերազմը վատ է, խաղաղությունը՝ լավ», - արցախցիներին բացատրում էր Արցախը շրջափակած ադրբեջանցին:

Արցախում անվտանգության խորհրդի նիստ է անցկացվում

Այս պահին Արցախում անվտանգության խորհրդի նիստ է անցկացվում, մինչև այդ՝ շուրջ 120 հազար արցախցիներին շրջափակման մեջ պահելու ադրբեջանական քայլը դատապարտող հայտարարություններ է տարածել՝ Արցախի նախագահը. - «Համոզված ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես մեր ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված մեր ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ»:

Արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է. -«​Ադրբեջանը բացարձակ անհարգալից և անհետևողական վերաբերմունք է ցուցաբերում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ, մասնավորապես՝ չի երաշխավորում Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։

«Միջազգային հանրությանը կոչ ենք անում կոնկրետ քայլերով գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները: Ռուս խաղաղապահներին հորդորում ենք եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները», - ասված է խորհրդարանական խմբակցությունների հայտարարությունում:

Շրջափակման մեջ գտնվող արցախցիներն այս պահին ինքնաբուխ հավաք են կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, իսկ մեքենաների մեջ մնացած արցախցի ուղևորները ճանապարհից գոտեպնդող տեսանյութեր են տարածում:

XS
SM
MD
LG