Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասին է ներկայացրել «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի բնականոն գործունեության խափանմանն ուղղված քայլերի արդյունքում ստեղծված իրավիճակը և դրանից բխող վտանգները»:
Միրզոյանը նաև ընդգծել է, որ «Ադրբեջանի առավելապաշտական, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանն ուղղված մոտեցումները տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը խաթարող հիմնական գործոններն են»:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, ամենաակտիվ կերպով ներգրավված է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում:
Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհն ադրբեջանցիները առավոտից դարձյալ փակել են, բանակցությունները շարունակվում են: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ ու պահանջում են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրել Վոլկովին: