Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն հավաստիացնում են՝ համառ ջանքեր են գործադրում կյանքի կոչելու խաղաղության օրակարգը


Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները, արխիվ
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները, արխիվ

Երևանն ու Բաքուն դարձյալ միմյանց են մեղադրում խաղաղությունը մերժելու համար ու միաժամանակ հավաստիացնում՝ համառ ջանքեր են գործադրում կյանքի կոչելու խաղաղության օրակարգը։

Երեկ Լեհաստանի Լոձ քաղաքում ԵԱՀԿ նախարարական համաժողովին ելույթ են ունեցան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։

Թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ Ջեյհուն Բայրամովը հավաստիացրին՝ պատրաստ են անցյալում թողնել տարաձայնությունները և կարգավորել երկկողմ հարաբերությունները, բայց դիմացինը տորպեդահարում է գործընթացը:

«Հայաստանը շարունակում է անխտիր ականապատել Ադրբեջանի տարածքները», «ականներ է տեղափոխում մարդասիրական նպատակներով նախատեսված Լաչինի ճանապարհով», - վերջին շրջանում հայկական կողմի հասցեին Բաքվից հաճախակի դարձած այս մեղադրանքները Ադրբեջանի արտգործնախարարը կրկնեց նաև միջազգային կառույցում։

Ջեյհուն Բայրամով
Ջեյհուն Բայրամով

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև արտգործնախարարների միջև պարբերական հանդիպումներին, Բայրամովն այդուհանդերձ դժգոհեց՝ առաջընթացը սահմանափակ է, որովհետև «հայկական կողմը սովորության համաձայն բանակցությունների իմիտացիա է անում»։

«Խաղաղության համաձայնագրի ստորագրման, սահմանազատման և տարածաշրջանային հաղորդակցությունների բացման ուղղությամբ առաջընթացը բավական սահմանափակ է։ Բոլոր երեք ուղղություններով էլ Հայաստանը ավելի շատ իմիտացիային է հավատարիմ, քան գործընթացում անկեղծ մասնակցությանը», - հավելեց ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։

Բայրամովի պնդմամբ՝ հայկական կողմը խաղաղության օրակարգի վերաբերյալ բանավոր խոստումներ է տվել ու չի կատարում։ Ադրբեջանցի պաշտոնյան, սակայն, չբացահայտեց այդ խոստումների բովանդակությունը։

«Հայաստանը դեռ պետք է ամբողջությամբ դուրս բերի իր անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքներից։ Նույն կերպ, Հայաստանն արհեստականորեն հետաձգում է տրանսպորտային կապերի վերականգնումը, այդ թվում՝ մերժելով Ադրբեջանի և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել մուտքի ապահովումը», - հայտարարեց Բայրամովը։

Միրզոյանն անուղղակի արձագանքելով մեղադրանքներին հավաստիացրեց՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել հաղորդակցության ուղիները, բայց բոլոր ճանապարհները պետք է գործեն Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենսդրության ներքո։

«Մեր պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի և, ըստ այդմ, պետք է իրականացվի իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա»,- հայտարարել է նախարար Միրզոյանը՝ վկայակոչելով առաջնորդների Պրահայի և Սոչիի հայտարարությունները։

Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարարը հիշեցրեց սեպտեմբերին ադրբեջանական արյունալի հարձակումը, որի հետևանքով հայկական կողմից զոհվել է 233 մարդ, և Բաքվի վերահսկողության տակ անցել 140 քառակուսի կիլոմետր տարածք, այդ օրերին ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, Լաչինի միջանցքի գործունեությունը խոչընդոտելը, որն ավելի քան 120 հազար մարդու համար «կյանքի ճանապարհ» է։

«120 հազար մարդկանց» անդրադարձավ նաև Ադրբեջանի արտգործնախարարը, բայց երկու պաշտոնյայի խոսքում էլ Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկար։ Բայրամովը կրկնեց պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ իրենց օրենսդրությունը երաշխավորում է Ղարաբաղի ծագումով հայերի իրավունքներն ու ազատությունները, այնպես ինչպես Ադրբեջանի բոլոր քաղաքացիներինը։

Մինչ այդ Լեռնային Ղարաբաղում անվտանգության հարցը շարունակում է սրված մնալ, գրեթե ամենօրյա ռեժիմով հաղորդվում է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին, որոնց թիրախ են դառնում նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներ։

Հայաստանի արտգործնախարարը Արցախի ժողովրդի անվտանգությանը հպանցիկ անդրադարձավ՝ միայն հիշեցնելով, որ այդ հարցը մշտապես եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջնորդվող խաղաղ գործընթացի հիմքում։

Չնայած հակառակ դիրքորոշումներին, փոխադարձ մեղադրանքներին և հայ-ադրբեջանական հարաբերություններում չթուլացող լարվածությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները այս բարձր ամբիոնից միաբերան վստահեցրին՝ չեն դադարեցնում ջանքերը խաղաղության օրակարգը կյանքի կոչելու ուղղությամբ։

«Չնայած պատերազմի կործանարար հետևանքներին և չսպիացած վերքերին Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն է առաջարկել», - ասաց Բայրամովը:

«Չնայած ադրբեջանական կողմի հաճախակի սադրանքներին, մենք չենք դադարեցրել հարաբերությունների կարգավորման, բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության վերաբերյալ մեր բանակցությունները», - հավաստիացրեց Միրզոյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG