Մատչելիության հղումներ

Բաքուն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Երևանի ներկայացրած առաջարկներին. Միրզոյան


Պաշտոնական Բաքուն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Երևանի ներկայացրած առաջարկներին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ չմանրամասնելով՝ արդյոք Ադրբեջանը համաձայնե՞լ, թե՞ առարկել է Հայաստանի ներկայացրած տարբերակին։

Պաշտոնական Երևանն առայսօր չի բացահայտել, թե ինչ առաջարկներ է ներկայացրել Բաքվին։

«Մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները: Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են: Մենք հույս ունենք այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ, և այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև մեր միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը»,- ասել է Միրզոյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանի վարչապետը հրաժարվել է մասնակցել հաջորդ ամիս Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպմանը, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն վերահաստատել է Երևանի հանձնառությունը՝ մասնակցել այդ հանդիպմանը։

«Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս պայմանավորվածությանը և կրկին պատրաստակամություն ենք հայտնում ընդունելի ժամկետներում կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը։ Կարծում ենք, որ Պրահայում այս ձևաչափով տեղի ունեցած հանդիպումը բավականին արդյունավետ էր և կարևոր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։ Հայկական կողմը, ինչպես և նախկինում, շահագրգիռ է հարաբերությունների կարգավորմամբ», - ասել է Արարատ Միրզոյանը։

Իլհամ Ալիևն անցած ուրբաթ հայտարարել էր, թե հանդիպումը չեղարկվում է, քանի որ վարչապետ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե դեմ է Ֆրանսիայի նախագահի միջնորդությանը՝ դա բացատրելով՝ «Փարիզի հակաադրբեջանական դիրքորոշմամբ»։

Արձագանքելով պատմական քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթաց իրականացնելու Բաքվից հնչող հայտարարություններին, Հայաստանի արտգործնախարարն ասել, թե նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։

«Այդ հանձնառության շրջանակներում սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցած և իրավական ուժ և նշանակություն ունեցած իրավական ակտերի հիման վրա»,- շեշտել է Միրզոյանը։

Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։ Բացի այդ, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ռազմական սադրիչ գործողություններ։

«Այս փաստերի համադրումը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ, և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն խաղաղությունը» - ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG