Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, թե «ադրբեջանական ութ գյուղեր հայկական օկուպացիայի տակ են»


Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր հակադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի նախօրեին հրապարակված հարցազրույցի մի շարք դրույթներին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորաբար, անհիմն է անվանել Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթման մասին պնդումները։

«Հայաստանն է, որ շուրջ 30 տարի է, ինչ օկուպացված է պահում Ադրբեջանին պատկանող ութ գյուղերը, ամբողջությամբ դուրս չի բերում իր զորքերը Ադրբեջանի տարածքից, շարունակում է ռազմական սադրանքները, ուստի Երևանից հնչող մեղադրանքները տրամաբանական չեն», - նշված է պաշտոնական Բաքվի հայտարարության մեջ։

Հայաստանի արտգործնախարարը երեկ նշել է, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։ Բացի այդ, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ռազմական սադրիչ գործողություններ։

«Այս փաստերի համադրումը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ, և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն խաղաղությունը» - ասել է Արարատ Միրզոյանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը իր հայտարարության մեջ նաև նշել է. «Պետք չէ նաև մոռանալ, որ 2020 թվականի պատերազմից հետո հենց Հայաստանն էր, որ տևական ժամանակ չէր արձագանքում սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկին»:

Արարատ Միրզոյանը, սակայն, երեկ էլ անդրադառնալով պատմական քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթաց իրականացնելու Բաքվից հնչող հայտարարություններին, հայտարարել էր, որ նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։

XS
SM
MD
LG