Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման հետևանքով երեկ Արցախում վիրավորում ստացած Պաշտպանության բանակի 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, «Ազատությանը» տեղեկացրեց Արցախի Առողջապահության նախարարի խորհրդական Մայա Ազատյանը։
«Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվում է բավարար: Զինծառայողներից ենթասպան դուրս է գրվել հոսպիտալից ու գտնվում է ամբուլատոր բուժման մեջ, իսկ մյուս զինծառայողը գտնվում է հոսպիտալում: Երկու զինծառայողների կյանքին էլ վտանգ չի սպառնում», - ասաց Ազատյանը՝ մանրամասնելով, - «զինծառայողները ստացել էին փոքր բեկորային վնասվածքներ»:
Երեկ երեկոյան Պաշտպանության բանակը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակների և նռնականետի գործադրմամբ, արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը, ինչի հետևանքով վիրավորվել է Արցախի պաշտպանության նախարարության երկու զինծառայող։ Հրադադարի խախտման մասին Ստեփանակերտը տեղեկացրել էր Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Զորակազմը, սակայն, պաշտոնապես տեղեկացրել է, թե 30 դիտակետերում շուրջօրյա հսկողության են իրականացրել և իրենց պատասխանատվության գոտում երեկ՝ ժամը 19։00-ի դրությամբ հրադադարի խախտում չի արձանագրվել։ Մինչդեռ Ստեփանակերտը մինչև 19։00-ն էր հայտնել հրադադարի խախտման ու երկու վիրավորների մասին։ Ռուս խաղաղապահները նաև պարեկություն են իրականացրել Մարտունու և Մարտակերտի շրջանների, ինչպես նաև Լաչինի միջանցքի ուղղությամբ։ Հենց այս ուղղություններով է Ադրբեջանը պարբերաբար հաղորդում հրադադարի խախտման մասին։
Ինչպես և նախորդ բոլոր օրերին, ադրբեջանական կողմն այսօր էլ հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները երեկ ժամը 4 -ից մինչև այսօր առավոտ կրակ են բացել Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության բանակը կրկին ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի ռազմական գերատեսչոթյան հաղորդագրությունը։
Վերջին շրջանում գրեթե ամեն օր Ադրբեջանը Հայաստանին և Արցախին մեղադրում է հրադադարը խախտելու համար, Երևանն ու Ստեփանակերտը հերքում են այդ պնդումները՝ իրենց հերթին հաղորդելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին։
«Չի բացառվում, որ Բաքուն ավելի լուրջ սադրանքների է նախապատրաստվում»
Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքով՝ չի բացառվում, որ Բաքուն ավելի լուրջ սադրանքների է նախապատրաստվում։
«Ավելի լուրջ նախադրյալներ են փորձում ստեղծել, որպեսզի ինչ-որ տեղ նաև ռազմական գործողությունների, չէի ասի լայնածավալ, բայց ամեն դեպքում ինչ-որ սադրանքներ նախապատրաստելու հիմքեր են ստեղծում», - նշեց Հարությունյանը:
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով էլ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած հրադադարի խախտումները գուցե կապ ունեն Փաշինյան- Ալիև հանդիպման չեղարկման հետ, ինչի մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։
«Մենք գիտենք, որ հրաժարվել են հանդիպումից, Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա, միգուցե ինչ-որ մեսիջ է սրանով ուզում հաղորդել, որ եթե չլինեն, այսպես կոչված, բանակցություններ, հանդիպումներ կամ ինչ-որ պայմանավորվածությունների կատարում նմանատիպ մեսիջներ է հաղորդում, և սա ոչ միայն Արցախի սահմանին է լինում, այլ նաև Հայաստանի սահմանին: Այսինքն՝ Ադրբեջանն իր գործելաոճը չի փոխել», - ընդգծեց Գալստյանը:
Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքը վերահսկողության տակ վերցնելու Բաքվի հնարավոր քայլերին, ապա ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ այդ ուղղությամբ Ադրբեջանը որոշակի քայլերի կդիմի հաջորդ տարվա ապրիլից, քանի որ Հայաստանը խոստացել է Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը կառուցել մինչև ապրիլ։ Եվ Դժվար է ասել, արդյոք մինչև այդ ժամկետում շինարարական աշխատանքները կավարտվեն՝ հաշվի առնելով և՛ եղանակային պայմանները, և՛ աշխատանքի ծավալը։
«Եթե ժամանակ է ֆիքսած, որ մինչև ապրիլի 1-ը պետք է ալտերնատիվ ճանապարհ գա կսմուրջից հետո Կոռնիձորում, որ պետք է սարքվի, հիմա շինարարական աշխատանքները ընթանում են, եթե չհասցնեն, ինձ թվում է, այդ ժամանակ կարող է նաև հարց առաջանալ՝ փակեն, մաքսակետ դնեն կամ հենակետ դնեն», - ասաց Դավիթ Գալստյանը:
Թե ինչո՞ւ ռուսական խաղաղապահ զորակազմը դեռևս չի հայտարարել երեկ Արցախում տեղի ունեցած հրադադարի խախտման մասին, Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավարը դժվարանում է ասել։ Ըստ Հարությունյանի՝ չի եղել խախտման դեպք, որին զորախումբը չարձագանքի։