Խաղաղ գործընթացի անգործունակության հիմնական պատճառներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության բացակայությունն է, «Ազատության» հետ զրույցում ասաց Լոնդոնում տեղակայված Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն Լորենս Բրոերսը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ունի՞ հնարավորություն ապահովելու այդ տարածքի հայկական մնալը, եթե Ադրբեջանն անգամ չի ուզում լսել Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին։
Բրոերսի խոսքով՝ այդ հարցերն ինտենսիվ քննարկվում են։
Նրա համոզմամբ, կենսունակ, երկարաժամկետ լուծման հասնելու համար, որը չի ենթադրում Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտում, Ադրբեջանը պետք է երկխոսություն վարի այդ բնակչության հետ, որոնց նա անվանում է իր իսկ քաղաքացիներ։
Շեշտելով, որ հատկապես 2014 թվականից Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հետևողական արժեզրկման և ապաինստիտուցիոնալացման պատճառով չեն տեսնում անհատների և կազմակերպությունների այնպիսի տեսակետներ, որոնք կարող են երկխոսության սկիզբը դառնալ՝ Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրենն այս իրավիճակից դուրս գալու մի քանի նախապայման է նշում, որոնք, ըստ նրա, Բաքվի և Ստեփանակերտի երկխոսությունն ավելի հնարավոր ու հավանական կդարձնեն:
«Առաջինն, իհարկե, որ դադարեին հրադադարի խախտումները։ Այս իրավիճակում ամենամեծ ռիսկը հրադադարի խախտումներով հարկադրանքի շարունակական կիրառումն է, ինչը պարզապես ոչնչացնում է վստահության ցանկացած զգացում: Կարծում եմ, որ նաև պետք է դյուրացնել 2020-ին տեղահանված Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը: Դա կարող է իսկապես հեշտ և քիչ ծախսատար տարբերակ լինել Ադրբեջանի համար՝ ցույց տալու, որ նա լուրջ է վերաբերում Ղարաբաղի հայերի հետ հարաբերություններին: Եվ առհասարակ, վստահության ամրապնդման հնարավոր միջոցառումների մի ամբողջ շրջանակ կա: Դրանցից մի քանիսը մենք տեսել ենք վրացական համատեքստում՝ աբխազների և հարավօսերի դեպքում», - ասաց Բրոերս:
Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, թե Բաքուն չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների կամ այլ միջնորդների հետ՝ շեշտելով հատկապես վերջերս Ղարաբաղի պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանի անունը։ «Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված [Ռուբեն] Վարդանյանի նմանների, որի գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդներն են։ Նրան Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով», - ասել է Իլհամ Ալիևը։
Ստեփանակերտն էլ հայտարարել է, որ համաձայն չէ Ղարաբաղում ապրող հայերի հետ ուղիղ խոսելու Բաքվի առաջարկին՝ փոխարենն առաջարկելով օգտվել թեկուզ փաստացի արդեն երկու տարի չգործող Մինսկի խմբի ձևաչափից։