Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ցանկանում է բանակցել ԼՂ հայության հետ ոչ թե սուբյեկտայնության, այլ օբյեկտայնության տեսանկյունից․ Քոչինյան


Ադրբեջանը ցանկանում է բանակցել Լեռնային Ղարաբաղի հայության հետ ոչ թե սուբյեկտայնության տեսանկյունից, այլ օբյեկտայնության տեսանկյունից, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանը՝ պարզաբանելով՝ ըստ Ալիևի, դրանք մի խումբ Ադրբեջանի քաղաքացիներ են, ում հետ ինքը պետք է հիերարխիկ խոսակցություն ունենա, որտեղ ինքը ղեկավարն է, նրանք ենթականերն են։

Իսկ Լեռնային Ղարաբաղում, ըստ Քոչինյանի, պատկերացնում են բանակցություններ հավասարազոր սեղանի շուրջ նստած կողմերի միջև։

«Գլոբալ խնդիրն, ըստ էության, անձերից անդին այ սրանում է», - ասաց քաղաքական վերլուծաբանը։

Այն, որ Արցախի հարց Ադրբեջանի համար ներքաղաքական հարց է, խոսքերից դեպի գործողություններ վերածելու ճանապարհին Ալիևի համար հիմնականում երկու խոչընդոտ կա՝ Հայաստանի Հանրապետությունը և տեղում բացազատված ռուսական խաղաղարար կոնտինգենտը, ասաց Քոչինյանը։

«Մենք տեսնում ենք, որ Ալիևը փորձում է երկուսին էլ հարվածել․ Հայաստանին հարվածներ է հասցնում և՛ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ բիրտ ուժի կիրառմամբ, և՛ դիվանագիտական դաշտում, պահանջում է Հայաստանին չխառնվել Ադրբեջան-Արցախ հարաբերություններին և էդ մարդկանց կարգավիճակի հարցին, փոխարենը Ռուսաստանին էլ անընդհատ հիշեցնում է կոնտինգենտի տեղակայման ժամկետի լրանալուց հետո նրա դուրս գալու անհրաժեշտությունը և իր տեսլականը, որ դրանով պետք է ավարտվի, անընդհատ նշում է՝ «ժամանակավոր տեղակայման գոտի», և, փաստորեն, նաև չի ընդունում ռուսական ազդեցության գոտու ներսում գտնվող գործչի կերպարը որպես հիմնական բանակցող Արցախից»։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև արտաքին խաղացողների ու նրանց ներկայացուցիչների հետ՝ կոնկրետ մատնանշելով Ռուսաստանից Ղարաբաղ վերադարձած Ռուբեն Վարդանյանին:

«Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, «բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված [Ռուբեն] Վարդանյանի նմանների, որի գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդներն են։ Նրան Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով», - ասել էր Ալիևը՝ շարունակելով․ - «Եթե որոշ երկրներից, չլինեն արտաքին միջամտություն ու Ղարաբաղի հայերի հետ մեր կապերին խոչընդոտելու փորձեր, գործընթացը շատ ավելի լավ կզարգանա»։

Արձագանքելով Ադրբեջանի նախագահին՝ Վարդանյանը ողջունել է Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու նրա ցանկությունը՝ շեշտելով՝ Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտային լինի։

Ստեփանակերտը նաև հայտարարել է, որ համաձայն չէ Ղարաբաղում ապրող հայերի հետ ուղիղ խոսելու Բաքվի առաջարկին։ Փոխարենը՝ Լեռնային Ղարաբաղն առաջարկում է օգտվել թեկուզ փաստացի արդեն երկու տարի չգործող Մինսկի խմբի ձևաչափից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG