Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մեղադրել է Ֆրանսիային ու Հայաստանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հայտարարության առնչությամբ


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Ֆրանսիային Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը որպես «իր արտաքին քաղաքականության գործիք օգտագործելու մեջ»՝ հայտարարելով, որ այնտեղ ընդունվելիք փաստաթղթերը կհամարեն «քաղաքականապես կողմնակալ»:

Թունիսում ընթացող գագաթնաժողովի շրջանակում կայացած նախարարական հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները կազմակերպության անդամների հակաադրբեջանական դիրքորոշման վերաբերյալ Բաքուն «սադրիչ» է որակել:

Ֆրանսախոս տիրույթում ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ բանաձևի նախագծին անդրադառնալով՝ նախարար Միրզոյանը կարևորել էր, որ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներն ու կառավարությունները համերաշխություն են հայտնել Հայաստանին՝ իրենցը դարձնելով այն հիմնական խնդիրները, որոնք պայմանավորում են կողմերի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը։ Միրզոյանը շեշտել էր, որ այդ հայտարարության՝ Հայաստանին վերաբերող պարբերությունները շատ հավասարակշռված են և փոխզիջումների արդյունք են հանդիսանում, որոնց ուղղությամբ Հայաստանը ջանքեր է գործադրել։

Ըստ Ադրբեջանի՝ փաստաթղթի վերջնական տարբերակը պարունակում է որոշակի տարրեր, որոնք, ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարության, «կազմակերպության մանդատի իրավասության ներքո չեն», և որը իբր «Հայաստանը կարող է օգտագործել քաղաքական քարոզչություն իրականացնելու համար», կրկին մեղադրել Ֆրանսիային փաստաթղթի համակարգման գործընթացում իբր «քաղաքական ճնշում է գործադրելու համար»:

54 մշտական անդամ ունեցող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար Թունիս են ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ֆրանսախոս մյուս պետությունների առաջնորդները:

Ելույթ ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների բռնազավթման մասին, շեշտել՝ Բաքուն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես, որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը։

Փաշինյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին ու Լեռնային Ղարաբաղի խնդրին։

Թունիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ բարձրաձայնել է Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ անցած տարվա մայիսից սկսած, ապա այս տարվա սեպտեմբերի 13-14-ին շարունակված Ադրբեջանի ագրեսիայի հարցը:

XS
SM
MD
LG