Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, իր ելույթի ժամանակ խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների բռնազավթման մասին, շեշտել՝ Բաքուն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես, որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը։
«Ադրբեջանի կողմից գործադրված ագրեսիան, որի զոհը դարձավ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. սեպտեմբերի 13-14-ին, այս իրողության վառ դրսևորումն է։ Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածություններ», - ասել է Փաշինյանը։
Սեպտեմբերյան մարտերի ընթացքում հայկական կողմը 200-ից ավելի զոհ ունեցավ, վերջին տվյալներով՝16 զինվոր դեռ անհետ կորած է համարվում։ Հարվածներ հասցվեցին Ջերմուկին ու 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած Սյունիքի ու Գեղարքունիքի մի շարք բնակավայրերի։ Միջազգային ամբիոնից Փաշինյանը հայտարարել է, որ չնայած հաստատված զինադադարին, Ադրբեջանը վերջ չի դրել Հայաստանի տարածքների նկատմամբ իր նկրտումներին։
«Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր», - հայտարարել է հայաստանի վարչապետը։
Փաշինյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին ու Լեռնային Ղարաբաղի խնդրին։
«Հայաստանն իր հերթին հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», - շեշտել է վարչապետը։
Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Միշելի, Թրյուդոյի հետ
54 մշտական անդամ ունեցող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու համար Թունիս են ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ֆրանսախոս մյուս պետությունների առաջնորդները:
Հայաստանի կառավարությունից հայտնում են, որ աշխատանքային այցով Թունիսիում գտնվող Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների առաջնորդների հետ:
Այսօր արդեն հանդիպել է իր ու Ալիևի բանակցությունները Բրյուսելում մի քանի անգամ կազմակերպած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Ըստ կառավարության հաղորագրության՝ վարչապետը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:
Ադրբեջանական ագրեսային անդրադարձ է եղել նաև Փաշինյան-Թրյուդո հանդիպմանը։
Ինքը՝ Կանդայի վարչապետը գագաթնաժողովին ընդառաջ Թվիթերում գրել է, որ մյուս առաջնորդների հետ իր հանդիպումների ընթացքում ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերից բացի քննարկելու է նաև Ռուսաստանի պատերազմի հետևանքները սննդի և էներգետիկ անվտանգության վրա։
Այսօր ավելի ուշ վարչապետը հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։ Կողմերը կարևորել են Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը, մտքեր փոխանակել հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ: