Ջերմուկում թավշյա սեզոնն այս տարի գրեթե առանց զբոսաշրջիկների է սկսել, առողջարանային քաղաքի փողոցներում հատուկենտ հյուրեր են։ 72-ամյա Հասմիկ Մարգարյանը նրանցից մեկն է։ Թոշակառու կինն ասում է՝ անտեսել է վտանգներն ու այս տարի էլ սովորականի պես եկել է հանգստանալու։
«Ոնց բոլոր ջերմուկցիները, այնպես էլ ես, ոչ մի բանով չեմ կարող առանձնանալ: Ջերմուկն ինձ համար շատ հարազատ է», - նշում է նա:
Արդեն 5-րդ տարին է՝ Ջերմուկում է հանգիստն անցկացնում։ Նկատել է՝ 2 ամիս առաջ սահմանային լայնածավալ բախումների՝ ադրբեջանական զինուժի ներխուժման հետևանքով քաղաքի փողոցները նախկինի պես մարդաշատ չեն։ Հարազատներն էլ էին փորձել իրեն հետ պահել Ջերմուկում հանգստանալու մտքից. «Մանավանդ իմ երեխաները, բայց դե չէ, ես չէի կարող չգալ»:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքում վնասվել էին հյուրատներ, քաղաքացիական մի շարք այլ շինություններ, ճոպանուղին:
«Քանի որ մենք 2022 թվականի բարձր սեզոնի զգալի հատվածը՝ սեպտեմբեր ամիսը և հոկտեմբեր ամիսը, ըստ էության, կորցրեցինք, դա կազմում է մեր տարեկան եկամուտի բավականին զգալի հատվածը: Եվ քանի որ մենք այդ հատվածը կորցրեցինք, բնականաբար ձմռան ամիսները բոլոր առողջարանների համար, բոլոր սուբյեկտների համար բավականին բարդ են լինելու», - նշում է առողջարանի ներկայացուցիչ Քրիստինե Իվանյանը:
Առողջարանների ու հյուրանոցների սեփականատերերը հիմա փորձում են իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել. ամենաեկամտաբեր ամիսներից մի քանիսի ընթացքում հաշված թվով հյուր են ընդունել։ Ստիպված աշխատակիցների աշխատանքային ռեժիմն են փոխել, որ կարողանան բոլորին որոշակի աշխատավարձ տալ։
Շուրջ 9300 բնակիչ ունեցող քաղաքում մարդկանց զբաղվածությունը մեծ մասամբ առողջարաններն ու հյուրանոցներն են ապահովում, հիմա բնակիճների մի մասն աշխատանքը կորցնելու վտանգի տակ է:
«Մեզ մոտ կրճատումներ, որպես այդպիսին, չեն եղել, պարզապես հերթով են գալիս աշխատելու, այնպես, որ գոնե ինչ-որ չափով ամեն մի մարդ իր ընտանիքի համար որոշակի գումար կարողանա վաստակել», - նկատում է Իվանյանը:
Թե ինչպես են կարողանալու հաջորդ ամիսներին աշխատել գրեթե առանց եկամտի, չգիտեն։ Հիմա իրենց հյուրերը միայն մշտական հաճախորդներն են, որ ամեն տարի են գալիս։
«Լսել էինք, որ գնդակոծել են Ջերմուկը, իհարկե, շատ ցավալի էր, ոչ հաճելի, սակայն մենք չվախեցանք։ Մեզ ասացին, որ ամեն ինչ խաղաղ է, հանգստ է, և մենք եկանք և չենք զղջում», - ասում է զբոսաշրջիկներից Անգելինա Մալխասյանը, իսկ Մարիա Ջվրիկյանն էլ՝ հավելում. «Մենք երեքով Աբխազիայից ենք եկել, ամեն տարի գալիս ենք, արդեն 6-րդ տարին։ Այստեղ շատ հաճելի է»։
Քաղաքի հայտնի առողջարաններից մեկում էլ նույն վիճակն է։ Քառահարկ շենքի ընդամենը մեկ սենյակն է զբաղված։
«Այս ժամանակահատվածի համար մեր սենյակների երևի 70 տոկոսը զբաղված էր լինում ամբողջ շենքի, իսկ հիմա այս պահի դրությամբ մենք ունենք ընդամենը 1 սենյակ զբաղված», - շեշտում է առողջարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը:
Ջերմուկի մեղմ աշունը հիմա տեղացիներն են վայելում։ Այն էլ ոչ բոլորն են քաղաք վերադարձել։ Թե որքան զբոսաշրջիկ է կորցել Ջերմուկն անցած ամիսներին, վիճակագրություն չկա։ Պարզվում է՝ զբոսաշրջության կոմիտեում էլ չգիտեն՝ առողջարանային քաղաք տարեկան քաղաք քանի զբոսաշրջիկ է այցելում։ Անորոշությունն օր օրի է ավելանում, ֆինանսական ճգնաժամն էլ ավելի է խորանալու, կասկած չունեն առողջարանային բիզնեսի ներկայացուցիչները։
«Այս ամիսներն էր, որ նպաստում էր մեր հետագա երկարուձիգ ձմեռային ամիսները հաղթահարելուն, օրինակ՝ մեր առողջարանը, հյուրանոցն այսպես է վարվելու՝ անում ենք շատ զեղչեր, որ մարդիկ կարողանան գալ»:
Զգալի զեղչերն էլ դեռ օգուտ չեն տալիս, մարդիկ վախենում են: Պետությունն այս դժվարին պահին ձեռք չի մեկնում. ո՛չ մի աջակցության ծրագրի մասին ո՛չ լսել են, ո՛չ էլ տեսել են։ Թե ինչ են մտածում կառավարությունում, իրենց համար էլ է անհայտ։
«Էլեկտրաէներգիայի ծախս կա, գազի ծախս, ջրի, այդ ամեն ինչի համար, բնականաբար, մենք պետք է վճարենք, և այս պահի դրությամբ, ինչքանով ես տեղեկացված եմ, ջերմուկյան առողջարանները ոչ սուբսիդավորված են, ոչ որոշակի ժամկետներ կան, որպեսզի մարդիկ փորձեն վճարումներ կատարել, կամ գոնե ինչ-որ չափով աջակցություն լիներ», - ասում է առողջարանի ներկայացուցիչ Իվանյանը:
Ոլորտի պատասխանատու Էկոնոմիկայի նախարարությունից խուսափում են մեկ հարցի պատասխանել՝ արդյոք պետությունը պատրաստվո՞ւմ է օգնել ծանր վիճակում գտնվող բիզնեսին: Նախարարն այսօր չցանկացավ խոսել առանց հստակ պատճառաբանության։ Գերատեսչությունից սահմանափակվում են միայն կարճ նախադասությամբ, թե՝ ուսումնասիրում են խնդիրը։