Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից երկու տարի անց խաղաղ չէ ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրում են եռակողմ հայտարարությունը, 9-ը նոյեմբերի, 2020թ․
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրում են եռակողմ հայտարարությունը, 9-ը նոյեմբերի, 2020թ․

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից երկու տարի անց խաղաղ չէ ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում, կան մարդկային ու տարածքային նոր կորուստներ։

Չնայած երկու տարի առաջ այս օրը, Ռուսաստանի միջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները և կանգ առնել զբաղեցրած դիրքերում, Ադրբեջանն անցած երկու տարում միայն Հայաստանից շուրջ 130 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել։

Վերջին լայնածավալ հարձակումը երկու ամիս առաջ էր՝ սեպտեմբերի 13 -ին, երբ ադրբեջանական բանակը երեք ուղղություններով ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք հատվածներ։ Թիրախում հայտնված մի շարք համայնքներում կյանքը դեռ բնականոն հուն չի մտել․ Կուտականում, օրինակ, բնակիչների մի մասը դեռ չի վերադառնում, վտանգավոր է, ասում է Գեղարքունքի մարզպետը։

«Կուտական բնակավայրում խնդիր կա անվտանգության հետ կապված», - ասաց մարզպետը:

Ադրբեջանական զինուժն այսօր Ջերմուկից 4.5 կիլոմտեր հեռավորության վրա է՝ նախկին 11 կիլոմետրի փոխարեն։ Ջերմուկցիների պնդմամբ, ադրբեջանցի զինվորները շարունակում են մնալ քաղաքի մատույցներում և նկատելի են անգամ անզեն աչքով։

Ջերմուկի հանգստյան տներից մեկը ադրբեջանական ռմբակոծությունից հետո, 15-ը սեպտեմբերի, 2022թ․
Ջերմուկի հանգստյան տներից մեկը ադրբեջանական ռմբակոծությունից հետո, 15-ը սեպտեմբերի, 2022թ․

Ադրբեջանցիները 1-2 կիոլմետր առաջ են եկել նաև Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ, և, ըստ տեղի բնակիչների, գրավել են դիրքերի մեծ մասը։ Սահմանային այս գյուղն այսօր զրկված է խմելու ջրից ու անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից։ Երեխաներն ու կանայք գյուղից հեռացել են։

Զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ադրբեջանական զինուժը դիրքային առավելություններ է ձեռք բերել նաև Գեղարքունիքի մարզի Շորժաների ուղղությամբ։

Տարածքային կորուստներին զուգահեռ սեպտմեբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով միայն մեկ օրում շուրջ 210 հայ զինծառայող է զոհվել։

Չնայած Հայաստանից և միջազգային հանրությունից հնչող պահանջներին, Ադրբեջանն իր զորքերը ետ չի քաշում նաև սյունիքի Սև լճի մերձակայքից, ուր ներխուժել էին դեռ անցած տարվա մայիսին։

«2021 թվականի մայիսի12-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ։ Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Զինվորները Սև լճի տարածքում, 13-ը մայիսի, 2021թ․
Զինվորները Սև լճի տարածքում, 13-ը մայիսի, 2021թ․

Ընդ որում, անցած երկու տարվա ընթացքում Ադրբեջանը օկուպացրել է ոչ միայն ինքնիշխան Հայաստանի տարածքները, այլև այս տարվա մարտին, ռուս խաղաղապահների ներկայությամբ, ներխուժել է Արցախի Փառուխ գյուղ՝ գրավելով կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված հրադադարը խախտելուց բացի Ադրբեջանը դեռ չի կատարել նաև նույն հայտարարությամբ սահմանված՝ ռազմագերիներին վարադարձնելու պահանջը։ Մինչ օրս չի իրագործվել նաև տարածաշրջանի ապաշրջափակման դրույթը։ Ադրբեջանը շարունակ պնդում է, թե Հայաստանը պարտավորվել է միջանցք տրամադրել դեպի Նախիջևան, որը պետք է գործի Լաչինի միջանցքի օրինակով։ Երևանը հակադարձում է՝ նոյեմբերի հայտարարության մեջ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ հիշատակում չկա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ պատրաստ է երեք անցակետ բացել Ադրբեջանի համար` դեպի Նախիջևան, ընդգծելով, սակայն, որ դրանք պետք է գործեն Հայաստանի օրենսդրությամբ։

«Այսօր Ադրբեջանը մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան, բայց միան Ղազախ-Նախիջևան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում ենք դա կարող ենք ապահովել, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում», - նշել է վարչապետը:

Պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ Ադրբեջանը շահագրգռված չէ իրականացնել նոյեմբերի 9 -ի հայտարարության կետերը, քանի որ արդեն իսկ առանց մի կրակոցի բազմաթիվ տարածքներ է ստացել։

«Ադրբեջանի ղեկավարությունը ստացել է ամեակարևորն իր համար՝ առանց որևիցե մի փամփուշտի հետ են վարդարձրել Ակնայի, Քաշաթաղի, Քարվաճառի և նաև Բերձորի այդ միջանցքի որոշ հատվածներ: Հիմա ինքը պայքարում է հետագա կետերի իրականացման համար, այսինքն, խոսքը վերաբերում է ճանապարհների բացմանը, ընդ որում, պնդելով որպես «Զանգեզուրի միջանցքի» բացում և դրա համար ինքը շահարկումներ է անելու տարբեր, ասենք, նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթերի կետերից՝ գերիների վերադարձ, յուրաքանչյուր անձնավորության վերաբերյալ ինչ որ մի շահ ստանալով Հայաստանի Հանրապետությունից», - ասաց Օհանյանը:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակն այսօր ավելի բարդ է, քան 2020- ի նոյեմբերի 9 -ին էր․ ըստ նրա, պատճառն այն է, որ անցած 2 տարիներին Հայաստանի և Արցախի իշխանությունները արտաքին քաղաքականության ու անվտանգային համակարգում կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել։ Փաստաթղթի շուրջ վիճահարույց հայտարարությունների ֆոնին այն նաև դրական կողմ ունի՝ այսօր Արցախում հարաբերական խաղաղություն է, ասում է փորձագետը։

«Իհարկե, պարբերաբար տեղի են ունենում ռազմական էսկալացիաներ, բայց այն, որ մինչ այսօր Արցախում ունենք հայ բնակչություն, այնուամենայնիվ, պետական մարմինները շարունակում են իրենց գործունեությունը, դա ևս նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքներից մեկն է», - ասաց Գրիգորյանը:

Երկու տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածություններով ռուս խաղաղապահները Արցախում կմնան մինչև 2025 թվականը, ի՞նչ կլինի դրանից հետո․ ըստ քաղաքագետի, ամեն ինչ կախված Ռուսաստանից։ Եթե 2025-ին Մոսկվան այնքան թուլացած լինի, որ Բաքուն կարողանա պարտադրել իր օրակարգը, և թույլ չտա խաղաղապահների ժամկետի երկարացում, ապա դա կնշանակի Արցախի հայաթափում։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Երևանը և Ստեփանակերտը պետք է աշխատեն այլընտրանքային տարբերակի ուղղությամբ։

«Միջազգային գործընկերների հետ պետք է աշխատել՝ բացատրելով, որ առանց խաղաղապահ առաքելության ներկայության, փաստացիորեն տեղի է ունենալու էթնիկ զտում Արցախում և ամեն կերպ պետք է միջազգային դերակատարներն էլ աջակցեն, որպեսզի Արցախում ինչ-որ խաղաղապահ առաքելություն լինի», - ընդգծեց նա:

Քաղաքագետը չբացառեց, որ Ադրբեջանը մոտ ապագայում կարող է սադրանքների դիմել Լաչինի միջանցքում՝ փորձելով այդ կերպ հաջողության հասնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG