Մատչելիության հղումներ

Սեպտեմբերյան երկօրյա մարտերից հետո 16 հոգի դեռևս անհետ կորած է


Երկու շաբաթ առաջ Բաքուն 10 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, ԴՆԹ փորձաքննություններն ավարտվել են, բոլոր մարմինները նույնականացվել ու հուղարկավորվել են, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

«Իրա ծնունդի օրն իրան հուղարկավորել ենք՝ նոյեմբերի 7-ին», - «Ազատությանն» ասաց Սերժ Ղազարյանը։

Ղազարյանի որդին Վերին Շորժայի դիրքերում է եղել, սեպտեմբերի 13-ի մարտերից հետո հայրը շուրջ երկու ամիս որոնում էր նրան, թակում տարբեր գերատեսչությունների դռներ։ Սերյոժային հուղարկավորեցին հենց 20-ամյակի օրը։

Ադրբեջանը մինչև այժմ 143 զինծառայողի մարմին է փոխանցել։ Սեպտեմբերյան երկօրյա մարտերից հետո դեռևս անհետ կորած է 16 հոգի՝ 15 զինծառայող և մեկ քաղաքացիական անձ, հստակեցնում են Քննչական կոմիտեից։

Այս մասին նաև վարչապետ Փաշինյանը խոսեց՝ գործադիրի նիստում․- «Այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը, բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով, ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան»։

16 ընտանիքներում ծանր սպասում է և տեղեկության անպտուղ փնտրտուք։

«Հա, ի՞նչ անեմ, ուրիշ բան կարա՞մ անեմ»․ Արամ Թորոսյանի որդին՝ Վահեն դեռ չկա, մնացել է Ներքին Հանդի ձորակում․ - «Մենակ էն գիտենք, որ էդ տարածքից ոչ մեկին չեն հանել»։

Պատերազմական վերջին գործողություններից հետո հայ զինծառայողների մարմիններ են մնացել Վերին Շորժայի, Ջերմուկի, Ներքին Հանդի սարերում, ադրբեջանական կողմը մինչև այժմ թույլ չի տալիս որոնողական աշխատանք սկսել, գոնե զինվորների մասունքները հասցնել ծնողներին։

Պաշտոնական տվյալով՝ սեպտմբերյան երկօրյա մարտերի ընթացքում 211 հոգի զոհվեց, նրանցից առնվազն 11-ը սպանվեց ադրբեջանական գերության մեջ։

XS
SM
MD
LG