Եվրամիության տեխնիկական գնահատման առաքելությունն այսօր այցելել է Սյունիքի մարզ և արձանագրել, որ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ եվրոպացի մասնագետները Սյունիքում տեղակայված Հատուկ զորամիավորման հրամանատարի հետ եղել են Կապանի շրջանի Սրաշեն, Շիկահող և Ներքին հանդ բնակավայրերում, ներկայացրել սեպտեմբերի 13 -ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, և այն վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո։
«Ծանոթացրել ենք Սրաշեն, Շիկահող և ներքին Հանդ բնակավայրերի շուրջ ստեղծված իրավիճակին տեղում, նաև զորամիավորման հրամանատարը դիրքային որոշ տեղեկատվություն է տվել իրենց, այնուհետև այցելել ենք Իշխանասար տարածք, բնակավայր չէ, հենց այն դիրքերը, որոնց ուղղությամբ եղել են սեպտեմբերի 13-ի մարտական գործողությունները: Ներկայացրել ենք փաստացի իրավիճակը, իրենք էլ իրենց կողմից նշել են, որ Սյունիքի մարզում կտեղակայվի քաղաքացիական դիտորդական խումբ», - ասաց Հարությունյանը:
«Ազատության» հարցին, թե որտե՞ղ են տեղակայվելու, փոխմարզպետը պատասխանեց. «Ենթադրվում է Կապանում, դեռ վերջնական կքննարկվեն: Ժամկետներ դեռ չնշվեցին, դա երևի մեր Արտաքին գործերի նախարարության և Անվտանգության խորհրդի հետ ճշտեք»:
Հարցին էլ՝ «այցելած վայրերից հնարավո՞ր էր դիտարկել ադրբեջանական զինուժի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում», Հարությունյանը պատասխանեց. «Բացառապես այդ նպատակն ունեինք և արձանագրել ենք, իրենք տեղում տեսել և արձանագրել են»:
Երեկ էլ Եվրամիության գնահատման առաքելությունը այցելել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից տուժած Ջերմուկ քաղաք։ Փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանն Ազատությանը փոխանցեց, որ եվրոպացի մասնագետները և՛ քաղաքում, և՛ քաղաքից դուրս ծանոթացել են ստեղծված իրավիճակին, արձանագրել վնասները։
«Բնակչության թիվը, որոնք վերադարձել են, վնասված կառույցների վերանորոգման ընթացքը, քաղաքի կրած վնասները, դրանք ներկայացվել են, իրենք հետաքրքրված էին», - ասաց Սարգսյանը:
Ջերմուկի փոխքաղաքապետի փոխանցմամբ՝ ադրբեջանական զինուժի ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են առողջարաններ, հանգստյան տներ, ճանապարհամերձ հատվածներ, բայց ամենամեծ կորուստը պատճառվել է քաղաքը շրջապատող անտառային հատվածներին, որոնք հրդեհներից այրվել են։
Թե արդո՞ք ԵՄ քաղաքացիական դիտորդներ կտեղակայվեն նաև Ջերմուկում, Վարդան Սարգսյանը տեղյակ չէր։
Նախօրեին Եվրամիության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիք, մասնավորապես, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Տրետուքի և Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։ Գեղարքունիքի մարզպետի փոխանցմամբ՝ պատվիրակությանը ներկայացրել են նաև Ճամբարակ և Վարդենիս խոշորացված համայնքներում տուժած 12 բնակավայրի, այդ թվում՝ Սոթքի և Կութի մասին տեղեկատվություն։
Ադրբեջանական հարձակումից ամենաշատը տուժել էր հենց Սոթքը, որտեղ մոտ 150 շինություն է վնասվել։
Ըստ մարզպետի՝ Գեղարքունիքում մոտ 40 տոկոսով ռիսկային է դարձել գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը։ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակության անդամները ուսումնասիրություններից հետո զեկույցներ կներկայացնեն։
Վարչապետը համոզված չէ, որ ԵՄ դիտորդական առաքելության երկամսյա ժամկետի երկարացման անհրաժեշտություն կա
Այսօր կառավարության նիստում անդրադառնալով եվրոպացի դիտորդների այցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե համոզված չէ, որ առաքելության երկամսյա ժամկետի երկարացման անհրաժեշտություն կա՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ինչու։ Ամեն դեպքում, կառավարության նիստում վարչապետը նշեց՝ եթե անհրաժեշտություն և հնարավորություն լինի, ապա այդ հարցը կուսումնասիրեն։
«Պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել ու նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, աշխատում է ու նաև հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունը, առաջիկայում կժամանի Հայաստան: Ի սկզբանե պլանավորված է, որ երկու ամիս պիտի աշխատի դիտորդական առաքելությունը, և մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական, ես համոզված չեմ դրանում, բայց ամեն դեպքում մի թեմա է, որ մեր հանրության և փորձագիտական շրջանում քննարկվում է: Եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը», - ասաց վարչապետը:
Եվրամիության 40 քաղաքացիական դիտորդները մինչև այս ամսվա վերջ պետք է ժամանեն Հայաստան՝ տեղակայվելով հայ- ադրբեջանական սահմանին։ Մինչ այդ, հոկտեմբերի 14-ից Հայաստանում է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը։
Անցած օրերին Հայաստանի սահմանային տարբեր շրջաններ այցելած մասնագիտական խումբը պետք է որոշի, թե առաջիկա օրերին Հայաստան ժամանող դիտորդները կոնկրետ ո՞ր վայրերում են տեղակայվելու։
Եվրամիության դիտորդներին զուգահեռ, պաշտոնական Երևանի հրավերով վաղը մեկ շաբաթով Հայաստան կժամանի ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը։ ԵԱՀԿ-ի փոխանցմամբ՝ այս առաքելության նպատակը սահմանի որոշակի հատվածներում իրավիճակի գնահատումն է: