ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունը երեկ այցելել է Ջերմուկի պաշտպանական դիրքեր, ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ, հայտնում է Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը՝ նշելով՝ կրած վնասների մասին ներկայացվող տեղեկատվությունն արձանագրվել է փաստերով։
Նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել է սեպտեմբերի 13 -ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո / նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը/։
Խումբն ավելի վաղ եղել է նաև Սյունիքի մարզում։ ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խմբին Հայաստան է գործուղել պաշտոնական Երևանի հրավերով։ Փորձագետները Հայաստան են ժամանել հոկտեմբերի 21-ին և մեկ շաբաթ կանցկացնեն այստեղ: Առաքելության նպատակը սահմանի որոշակի հատվածներում իրավիճակի գնահատումն է։
Օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր հայտարարել, որ Եվրամիության դիտորդներից բացի Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով կարող են նաև ԵԱՀԿ-ի դիտորդներ տեղակայվել. հարցը քննարկվում է։