Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր խորհրդարանում «Ազատության» հարցին ի պատասխան հաստատեց, որ սեպտեմբերի 13-ին Ջերմուկի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորները շարունակում են մնալ իրենց գրաված դիրքերում։
«Թեև Գլխավոր շտաբի պետն ասել ա՝ գնացել են, ամեն դեպքում մենք տեսնում ենք իրենց», - ասաց Գրիգորյանը։ - «Մենք տեսնում ենք... Ջերմուկից հնարավոր ա տեսնել»։
Օրերս Գլխավոր շտաբի պետը վստահեցրել էր, թե Ջերմուկի տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումը կորուստներ տալով՝ ետ է քաշվել։
Թե կոնկրետ երբ է դա տեղի ունեցել, Ասրյանը չէր մանրամասնել։
Վայոց Ձորի մարզպետն այսօր ասաց, որ տեղեկություն չունի, թե ինչ խմբի մասին է հաղորդել Գլխավոր շտաբի պետը։ Իսկ փաստն է այն, որ իրենք Ջերմուկի տարածքից անզեն աչքով տեսնում են ադրբեջանական ստորաբաժանման անդամներին։ Այդ փաստը արձանագրել են նաև մարզում տեղակայված Եվրամիության դիտորդները։
Հարցին, թե արդյոք իրենց չի անհանգստացնում այդ վիճակը, Գրիգորյանն արձագանքեց. - «Բնական է, չի կարող անհանգստություն չառաջանա, ուղղակի հնարավոր միջոցառումների ամբողջությունը, որ ձեռնարկել ենք, ողջամիտ դատողություն ա տալիս, որ հնարավոր բոլոր ագրեսիան, Աստված մի արասցե, լինի, դիմակայելու հնարավորություն ունենք։ Որովհետև պաշտպանունակություն, լրացուցիչ միջոցառումներ, լրացուցիչ ուժեր, քաղաքացիների հետ աշխատանքը ամբողջությամբ արված ա, և մենք կփորձենք ադեկվատ պատասխան տալ»։
Իսկ հարցին, թե արդյոք ինքն ահազանգել է Պաշտպանության նախարարություն կամ Գլխավոր շտաբ, Գրիգորյանը պատասխանեց. - «Ես Պաշտպանության նախարարի հետ կամ Գլխավոր շտաբի պետի հետ չեմ խոսել։ Խոսում եմ մեր կորպուսի հրամանատարի հետ, մեր աշխատանքը ամենօրյա է։ Ինֆորմացիային տիրապետում ենք, նաև էս հարցն ենք վերլուծել։ Չեմ կարող ավելի մանրամասն էս պահի պայմաններում ձեզ տեղեկացնել։ Բայց ինֆորմացիայի տիրապետում ենք»։
Մարզպետը նաև փոխանցեց, որ իրենք իրավիճակի մասին տեղեկացրել են նաև Եվրամիության դիտորդներին. - «Բարձրացել են տեսանելի վայր՝ Պաշտպանության նախարարության համապատասխան հրամանատարական կազմի ուղեկցությամբ, անձնապես ես ներկա եմ եղել։ Բարձրացել ենք անվտանգ վայր, որտեղից մարդիկ իրենց աչքով և նաև հեռադիտակով տեսել են, ֆիքսել են, արձանագրել են»։
Արարատ Գրիգորյանը հույս հայտնեց, որ Եվրամիության դիտորդների ներկայությունը Վայոց Ձորի մարզում սահմանային լարված իրավիճակում զսպող դերակատարություն կունենա։ Մարզպետի փոխանցմամբ՝ դիտորդները տեղակայվել են Եղեգնաձոր քաղաքում, բայց առաքելություն իրականացնում են Ջերմուկում։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ վերջին օրերին հրադադարի խախտումները նվազել են, ինչը պայմանավորեց նաև եվրոպացի դիտորդների ներկայությամբ։ Կողմերը հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 4-ը հրադադարի խախման փոխադարձ մեղադրանքներ չէին փոխանցել, դրանք վերսկսվեցին անցած շաբաթավերջից։
«Ամեն դեպքում, դիտորդները իրանց պարեկային գործունեությունն են իրականացնում, ինչը ևս ազդեցություն ա թողել հակառակորդի կողմից։ Ակնհայտ է, որ դա ևս պատճառ է, որ իրանք նվազեցրել են իրենց՝ դեպի մեր ուղղությամբ կրակոցները», - ասաց Սարգսյանը։
Գեղարքունիքի մարզպետի փոխանցմամբ, Եվրամիության առաքելության շտաբը գտնվում է Մարտունիում, բայց 8 դիտորդները պարեկային ծառայություն են իրականացնում մարզի 11 բնակավայրերի սահմանային հատվածներում և արդեն իսկ արձանագրել են, որ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք. - «Դիտորդների շարքերում կան մարդիկ, ովքեր արդեն արձանագրել են և վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել նաև Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ։ Վստահ են, որ օկուպացված տարածքներ ունենք Հայաստանի տարածքներից, վստահ են, որ դա ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ա եղել»։
Ե'վ Գեղարքունիքի, և' Վայոց Ձորի մարզպետներն ասում էին, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո սահմանամերձ բնակավայրերում կյանքն աստիճանաբար բնականոն հուն է վերադառնում։
Վայոց Ձորի մարզպետի փոխանցմամբ, Ջերմուկ դեռ չի վերադարձել բնակչության 15-20 տոկոսը, դպրոցներն ու մանկապարտեզները գործում են։ Զբոսաշրջիկներ կան, բայց իհարկե նախկին հոսքը դեռ չի վերականգնվել։ Ադրբեջանական զինուժի հրետակոծությունից ամոբղջությամբ վնասված Ջերմուկի ճոպանուղին դեռ չի գործում, և պարզ չէ, վերականգնումից հետո այն կգործարկվի, թե ոչ, հաշվի առնելով, որ այդ տարածքը ադրբեջանցիների կողմից նույնպես դիտարկվում է։