Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է բավականին բարձր. Արմեն Գրիգորյան


Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլ նաև մնում է բավականին բարձր, ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ հարցի սրություն պատճառն այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիան է։

«Դա ոչ թե սահմանային միջադեպ էր կամ սահմանային բախում, ինչպես փորձեցին ներկայացնել որոշ ուժեր, այլ լայնածավալ ներխուժում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ ծանր հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գտնվող 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները», - ընդգծել է Արմեն Գրիգորյանը:

Հայաստանի ԱԽ քարտուղարն նշել է, որ չնայած Ադրբեջանի հարձակումը կասեցվել է, սակայն ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։

«Ադրբեջանական ագրեսիայի թիրախում են եղել խաղաղ քաղաքացիական բնակչությունը և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից անվտանգ վայրեր ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ։

Մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է շուրջ 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել է էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ։ Հրաձգության է ենթարկվել շտապօգնության 2 ավտոմեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Գնդակոծվել է նաև առողջարանային Ջերմուկ քաղաքից դեպի հարավ գտնվող Կեչուտի ջրամբարը», - ասել է նա։

Ըստ Գրիգորյանի, զոհերի թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3-ը խաղաղ բնակիչ են: Անհայտ կորած է համարվում 2 անձ: Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։

«Պետք է նշեմ, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլ նաև մնում է բավականին բարձր. գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է կազմակերպում, խախտում հրադադարը սահմանին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին։

Ցանկանում եմ նաև հատուկ ընդգծել, որ 2021 թվականի մայիսից սկսած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքները չեն վերացվել, և Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ապօրինի վերահսկել մեր երկրի տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր», - ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։

Գրիգորյանը ներկայացրել է հոկտեմբերի 31-ին, Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման և Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները:

«Ընդամենը երկու օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն, համաձայն որի կողմերը՝ «պայմանավորվեցին զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի հռչակագրի»:

Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի սահմանազատման գործընթացում կողմերը որպես հիմք են ընդունելու ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի փաստաթղթերը, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ», - մանրամասնել է ԱԽ քարտուղարն՝ ընդգծելով՝ «այս փաստի ճանաչումը չափազանց կարևոր է կայունության և անվտանգության ապահովման համար ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլ նաև ԱՊՀ ողջ տարածքում»։

Արմեն Գրիգորյանը նշել է, որ սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումն ամենևին չի նշանակում, որ «սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել»։

«Պնդումն առ այն, որ սահմաններ գոյություն չունեն՝ շատ վտանգավոր է և անպատասխանատու: Այն լղոզում է այնպիսի հիմնարար հասկացությունները, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ճանապարհ է բացում ագրեսիվ գործողությունների համար։ ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար, տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, և այդ զորքերը պետք է դուրս գան հայկական տարածքից», - հայտարարել է նա:

ԱԽ քարտուղարն անդրադառնալով աարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը նշել է, որ ադրբեջանական կողմը մշտապես բարձրացնում է Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցքի» բացման հարցը՝ ասելով. «Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տվյալ հարցի նկատմամբ չի փոխվել. Հայաստանի տարածքում չի կարող լինել ճանապարհ կամ տրանսպորտային երթուղի միջանցքի տրամաբանությամբ»:

«Միաժամանակ, մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի իրական լուծմամբ և աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ Աշխատանքային խմբի գործունեությանը: Այս աշխատանքային խմբի գործունեությունը բխում է նրանից, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն պետությունների լիակատար ինքնիշխանության ներքո և ազգային օրենսդրության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ երեք անցակետեր բացելու մասին, վաղուց արդեն պաշտոնական շրջանառության մեջ է», - մասնավորապես ընդգծել է պաշտոնյան։

Ադրբեջանական կողմը, ըստ Գրիգորյանի, շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն ընդունելի չէ Հայաստանի համար. «Շատ դժվար է երկխոսել և պայմանավորվել նրանց հետ, ովքեր երկխոսելու ցանկություն չունեն և բոլորովին այլ նպատակներ են հետապնդում»։

«Վերոնշյալի համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ խոսքը տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման մասին է, և երբեմն անտեսվում կամ չի հիշատակվում այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների՝ մեջբերեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետը, «Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Այսինքն՝ հաղորդակցությունները պետք է բացվեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի համար:

Այսինքն՝ դա ոչ թե միակողմանի ճանապարհ է, այլ համապարփակ գործընթաց, որից պետք է օգուտ քաղեն բոլոր կողմերը: Մասնավորապես, Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների և կապուղիների օգտագործմամբ՝ նպատակ ունենալով երկու ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնել», - եզրափակել է Արմեն Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG