Նոյեմբերի 3-ին Բրյուսելում հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովները։
«Ուրախ եմ Բրյուսելում ողջունել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովներին՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, երրորդ հանդիպման համար: Եվրամիությունը հորդորում է կողմերին քայլեր ձեռնարկել՝ բարելավելու անվտանգությունը տեղում և առաջընթաց հասնելու սահմանազատման հարցում», - հանդիպման մեկնարկին Թվիթերում գրել է Եվրամիության արտաքին գործողության ծառայության քարտուղար Ստեֆանո Սանինոն:
Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած մայիսին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին Երասխի ուղղությամբ, իսկ երկրորդը՝ օգոստոսի վերջին Մոսկվայում։
Հոկտեմբերի սկզբին Պրահայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի առաջնորդների քառակողմ հանդիպման արդյունքում Երևանն ու Բաքուն համաձայնել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ սահմանազատման հիմք ընդունելով 1991 թվականի սահմանները։
Իսկ հոկտեմբերի 31-ին Սոչիի հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ամենաճշգրիտ քարտեզները, խորհրդային ժամանակների Գլխավոր շտաբի քարտեզները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը կարգավորելու համար։