Սեպտեմբերյան մարտերի ընթացքում գերեվարված 17 զինծառայողները հրազենային վնասվածքներով ու հոգեբանական խնդիրներով Բաքվից հայրենիք վերադառնալուց մեկ ամիս էլ չանցած ստիպված են վերադառնալ զինվորական ծառայության։
Ավելի քան երեք շաբաթ գերության մեջ կտտանքների ենթարկված 19-ամյա զինծառայողի հորեղբայրը պատմեց՝ տղան ընդամենը մեկ շաբաթ առաջ է զինվորական հոսպիտալից տուն վերադարձել, բայց երկու շաբաթ հետո ստիպված է հետ վերադառնալ դիրքեր։ Ճիշտ է, հրազենից վնասված ոտքից բեկորը արդեն հանել են, վիրահատությունն անցել է բարեհաջող, բայց տղան, ըստ հարազատի, դեռևս պատրաստ չէ մարտական ծառայության։ Հորեղբայրը վստահ է՝ Ջերմուկի դիրքերից գերեվարված տղան դեռ հոգեբանական աջակցության կարիք ունի, միտքը միայն տեղի ունեցած մարտերի, 20 ընկերների կորստի վրա է կենտրոնացած. - «Մենք տենում ենք, որ չի կարա էս պահին ինքը ծառայի: Ֆիզիկականը նորմալ ա, հա, ֆիզիկականը նորմալ ա, բայց հոգեկանն ա... Մինչև ինքը չբուժվի, չվերականգնվի մի հատ էդ վիճակից... Գիշերները էդ երազները, էդ վեր թռնելը, անընդհատ ոնց որ ուզենա մենակ մնա, չխոսա, չշփվի: Պետք ա դա շտկվի էլի, պետք ա բուժվի դա»:
Նախկին ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը պնդում է՝ այսքան հապճեպ նրանց ծառայության վերադարձնելը հղի է վտանգներով։
«Եթե զորակոչվեն, սրա վատ հետևանքները այլևս կրելու է Հայաստանի Հանրապետությունը: Կարող են տեղի ունենալ ինքնավնասումներ, կարող են նաև սպանություններ տեղի ունենալ, չգիտեմ, զենքի հետ կապված ցանկացած վարվելու կանոնների խախտում կարող է տեղի ունենալ, որովհետև որոշ անձինք կարող են գտնվել ոչ սթափ հոգեբանական վիճակում, և այդ իրավիճակը կարող է բերել նոր խնդիրների արդեն զինվորական ծառայության ընթացքում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Չատինյանը:
«Ղեկավարությունը զինվորական և մյուս, ասենք՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, պետք է վերահսկի այս իրավիճակը, նախ զինվորի մասին մտածի: Լավ, եթե մտածեինք, որ նրան տանում են վերականգնվելու, էդ հոգեբանական վիճակը հաղթահարելու, բայց մենք դա չենք տեսնում», - իր հերթին, ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգման ենթարկված ռազմագերիներին նորից ծառայության տանելու հարցը ծագեց 44-օրյա պատերազմից հետո։ Դեռ երկու տարի առաջ Ժաննա Ալեքսանյանն իշխանություններին առաջարկել էր փոխել օրենքը՝ հստակ ամրագրելով ծառայությունից գերիներին ազատելու դրույթը։ Սակայն իրավապաշտպանի առաջարկն արդեն երկու տարի է անտեսվում է։ Սա հենց իշխանության բացասական քաղաքականության մասին է վկայում, ընդգծում է իրավապաշտպանը. - «Պատճառաբանությունները՝ օրենք չունեն, և այլն, և այլն, բայց որը ես պատճառաբանություն չեմ համարում, որովհետև ընդունեք նախ օրենքը, դա ի՞նչ խնդիր է, և երկրորդ՝ մարդը, զինվորը շատ թանկ է, այն էլ՝ հիմա, որպեսզի նրա հետ վարվեն էսպես, այդ ծանր հոգեբական վիճակում զորակոչեն նորից բանակ: Ի՞նչն է խնդիրը, որ զորակոչվում են բանակ, ես չեմ հասկանում»:
Ալեքսանյանը պնդում է՝ զինվորները պետք է երկարատև վերականգնողական բուժում անցնեն, իսկ մեկ ամսում դա հնարավոր չէ։ Իրավապաշտպանը հաճախ է այցելում հայրենադարձված զինվորներին, արձանագրում նրանց խնդիրները։ Հիշում է, թե ինչպես էին ծառայության վերադարձրել գլխի վրա լուրջ վնասվածքներ ունեցած զինվորին. - «Քնած ժամանակ ծեծի մասին էր հիշում, ծնողները հետը խոսում էին՝ ինքը թողնում գնում էր, մի խոսքով՝ շատ ծանր վիճակում էր: Եվ նա դիրքերում էր՝ նա կանգնած էր հենակետում, տարել էին հենակետ»:
«Բացահայտ անտարբերություն զինվորի նկատմամբ, և դրա համար մեր զինվորները էսպես զոհվում էին բանակում՝ անթիվ, անհամար: Եվ զինվորին չեն դիտարկում որպես մարդ: Այ երբ որ կդիտարկեն զինվորին որպես մարդ, մեր բանակը կկայանա, և մենք կասենք, որ մեր բանակը իրոք կայացել է և պատրաստ է ամենատարբեր ճակատամարտերի», - հայտարարեց իրավապաշտպանը:
Պաշտպանության նախարարությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ այս հարցին կանդրադառնան երկուշաբթի։