Մատչելիության հղումներ

Կալանքից ազատված նախկին ռազմագերին պնդում է` մառախուղ է եղել, այլ ելք չեն ունեցել


«Արմավիրի» բանտից մեկամսյա կալանքից այսօր ազատ արձակված Ռոբերտ Նալբանդյանը, որ գերեվարվել էր նոյեմբերի 16-ի սահմանային մարտերի ժամանակ, չի ընդունում մարտական ծառայության կանոնները խախտելու մեղադրանքը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր քննիչի միջնորդությունը՝ երկարաձգելու ադրբեջանական գերության մեջ մոտ երկու շաբաթ անցկացրած նախկին ռազմագերու կալանքը` ըստ էության հիմնավոր չհամարելով Քննչական կոմիտեի պնդումները, թե շարքային պայմանագրային զինծառայողն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը։

«Գնացի մարտական հերթապահության, մառախուղի պատճառով չենք նկատել թշնամու գալը, ես ինձ մեղավոր չեմ ճանաչում», - ասաց Ռոբերտ Նալբանդյանը:

Պայմանագրային զինծառայողն այլ զինվորականների հետ գերեվարվել էր նոյեմբերի 16-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագծում տեղի ունեցած արյունալի միջադեպերի ժամանակ, գերության մեջ անցկացնելով երկու շաբաթ՝ դեկտեմբերի 4-ին հայրենադարձվել էր ու անմիջապես ձերբակալվել։ Նալբանդյանից բացի, նույն գործով մեղադրյալ են գերությունից վերադարձած ևս 7 զինծառայողներ: Ի տարբերություն Նալբանդյանի՝ մյուս 7-ը դեռ կալանավորված են։

Կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ Գյումրիում վարձով բնակվող 46-ամյա Նալբանդյանը Վանաձորի «Դուց» կոչվող զորամասում էր ծառայում, երբ նրան ու զինակիցներին տեղափոխել են մարտական հերթապահության Սյունիք։ Նախաքննական գաղտնիք չհայտնելու պատճառաբանությամբ նախկին ռազմագերին կցկտուր է ներկայացնում իրավիճակը և միայն պնդում է՝ այլ ելք չունեին, մառախուղ էր, հակառակորդը շրջապատել էր իրենց. «Ես իմ ընտանիքը պահելու համար սրանից առաջ ծառայել եմ սահմանապահ զորքերում, հետո որ պայմանագիրս լրացավ, ելա, մտա Վանաձորի «Դուց» չաստում: Մառախուղն էր խանգարում, լրիվ տեսանելիությունը զրո էր»:

Քննչական կոմիտեն, մինչդեռ, հայտարարում է՝ դիրքերը պահող զինվորականները հանցագործություն են կատարել՝ հակառակորդին դիմադրելու փոխարեն նրանց հետ բանակցել են, ինչի հետևանքով դիրքերն անցել են ադրբեջանցիներին, իսկ հրամանատարության թերացման հետևանքով էլ 32 զինվորականեր գերեվարվել են։

Նոյեմբերի 16-ի բախումներից մեկ օր անց Հայաստանի վարչապետը քննադատեց զինվորականների այդ վարքագիծը, ինչից հետո էլ հարուցված քրեական գործերով նրանցից արդեն 8-ը դարձել են մեղադրյալներ։ Իրավապաշտպանները քննադատում են իշխանությանը՝ պնդելով՝ ադրբեջանական գերության մեջ օրեր անցկացրած, խոշտանգված զինվորականներին կալանավորելը անմարդկային է։

Թեև այսօր կալանքից ազատ արձակված Ռոբերտ Նալբանդյանն «Ազատության» հետ զրույցում չխոսեց գերության մեջ ստացած վնասվածքներից, բայց օրեր առաջ նրա պաշտպանն էր այդ մասին պատմել։

«Ծեծի հետևանքով Ադրբեջանում կողոսկրերի կոտրվածք», - ասել էր Ռուբեն Մելիքյանը: Վերջինս ևս նախաքննական գաղտնիք չբացելու պատճառաբանությամբ մանրամասներ չի բացահայտում, բայց պնդում է՝ զինվորականներն արել են հնարավորը դիրքերը պահելու համար. «Դուք լավ գիտեք, թե ինչպիսի կահավորման պայմաններ են մեր այս նոր դիրքերում, լավ գիտեք, թե ինչպիսի վիճակ է: Որքանո՞վ է արդար այդ մարդկանց այս ամենից հետո ոչ միայն քրեական հետապնդման ենթարկեն, այլև անազատության մեջ պահելը, այն էլ այն բանից հետո, երբ մարդիկ Ադրբեջանում այդպիսի դաժան վերաբերմունքի են արժանացել»:

Նոյեմբերին գերեվարված 32 զինվորականներից 6-ը դեռ չեն հայրենադարձվել։ Այս զինվորականներից բացի, պաշտոնական տվյալներով` ադրբեջանական բանտերում են պահվում են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերի ընկած ևս 40 գերիներ։

XS
SM
MD
LG