Վայոց ձորի սահմանային հատվածից նոյեմբերի կեսերին գերեվարված, ապա դեկտեմբերի սկզբին հայրենադարձված մայոր Նարեկ Երիմյանը վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Ավելի վաղ առաջին ատյանի դատարանը մերժել էր զինվորականին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը։
Իրավապահները Երիմյանին մեղադրում են մարտական ծառայության կանոնները խախտելու, ծավալված մարտերի ժամանակ դիրքերը թողնելու և փախուստի դիմելու համար։ Նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում գերեվարված, ապա հայրենադարձված արդեն հինգերորդ զինվորականն է կալանավորվում նույն մեղադրանքով։
Գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե իր պաշտպանյալն ու մյուսները չեն հասցրել դիմակայել դիրքեր ներխուժած ադրբեջանցի զինվորականներին. - «Մենք ընդունել ենք առաջադրված մեղադրանքը այն ծավալով, որ չի հասցրել իր առջև դրված պարտականությունը՝ այդ պահին դիրք մտած թշնամուն ոչնչացնելը, չի հասցրել կատարել»։
Փաստաբանը նշեց, որ քննության ավարտին արդեն գնահատականներ կտան, թե արդյոք դիրքերը պահպանող Երիմյանն ու մյուսները այլ ելք, քան գերեվարվելն էր, չունեին։ Իր գնահատմամբ, նման այլընտրանք այդ իրավիճակում չկար. - «Մեր զինվորներն ու սպաները՝ պայմանագրայիններ ու շարքայիններ, չեն հանձնվել։ Հանգամանքների բերումով ստացվել ա, որ գերեվարվել են, բայց նրանք դիրքը չեն թողել, դիրքից փախուստի չեն դիմել ու չեն հանձնվել»։
Ըստ Քննչական կոմիտեի, մայոր Երիմյանը և մյուսները խախտել են կանոնակարգը, ինչի հետևանքով Ադրբեջանի զինծառայողները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և գերեվարել դիրքում մնացած զինծառայողներին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդին։
Նոյեմբերի 16-ի թեժ մարտերից մեկ օր անց, երբ գերեվարվածները դեռ հայրենիք չէին վերադարձվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել էր նրանց արարքը և հայտարարել՝ ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննվի։ Հետո էլ խորհրդարանի խոսնակն էր ոչ հրապարակային զրույցում նրանց դասալիք անվանել։ Իշխանության ամենաբարձր ներկայացուցիչների այս դիրքորոշումը հարուցել էր իրավապաշտպանների զայրույթը։
Այսօր էլ Արթուր Սաքունցը պնդում է՝ գերիների անմեղության կանխավարկածը խախտելու փոխարեն իշխանությունը պետք է այլ դիրքորոշում ցուցաբերեր՝ նախ, հրապարակային չպետք է հայտարարվեր այդ մասին՝ թիրախավորելով ադրբեջանական գերության մեջ մնացած մյուս ռազմագերիներին. - «Իմ համոզմամբ, այս փուլում կարող էին բավարարվել բացառապես ծառայողական քննության իրականացմամբ։ Սահմանին չպետք է կանգնի զինվորը, որը հեշտությամբ հանձնվում է։ Այսինքն՝ դու զինվորին պետք է պատրաստես, և դա պետության պարտականությունն է։ Ի՞նչ է նշանակում զինվոր. դա նշանակում է հոգեբանորեն, ֆիզիկապես, մասնագիտացման տեսակետից պատրաստ մարդ։ Իհարկե, հիմքում պետք է լինի, որ մարդը ամեն գնով մնա ողջ, մեզ համար կարևոր է, որ զինվորը ողջ լինի, ողջ մնա, ողջ վերադառնա»։
Սաքունցը նաև պնդում է, որ քննություն պետք է տարվի՝ պարզելու, թե արդյոք սահմանի վրա ծառայող զինվորականներն ունեին բոլոր ռեսուրսները պաշտպանելու դիրքերը. - «Դու ուղարկում ես մարդուն մարտական հանձնարարություն կատարելու և չես ապահովում անհրաժեշտ բոլոր միջոցներով, և դրա փոխարեն դեռ մի բան էլ նրան մեղադրում ես ինչ-ինչ հանցավոր գործողությունների մեջ։ Էդ դեպքում ես կարող եմ ասել, որ միանշանակ հանցավոր գործողություն է հանդիսանում մարդուն առանց պատշաճ պատրաստելու, պատշաճ զինելու, պատշաճ սովորեցնելու, պատշաճ կարողություններ զարգացնելու, ուղարկես մարտական հանձնարարություն կատարելու։ Դա է հանցագործությունը։ Ի վերջո, հիմա էս քրեական գործի շրջանակներում կորպուսի հրամանատար, Գլխավոր շտաբի անձնակազմ և այլն, դրանք պատասխանատվության ներքաշվելո՞ւ են, թե՞ ոչ»։
Ըստ ՄԻեդ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի, նոյեմբերի 16-ի բախումներից հետո հայրենիք է վերադարձվել 21 ռազմագերի, ևս 11 ռազմագերու իր տարածքում գտնվելու մասին Ադրբեջանը տվյալներ է ներկայացրել Եվրադատարանին։