Մատչելիության հղումներ

«Ինձ հարցնում են՝ «ի՞նչ տեղեկություն ունեք», ես պետք է ձեզ ասե՞մ՝ ուր է իմ տղան». անհետ կորած զինվորի մայր


Զինծառայող որդուց 43 օր ոչ մի տեղեկություն չունեցող մորն այցելել են զինկոմիսարիատից՝ պարզվում է հոգատարության ու ուշադրության ժեստ չի եղել, որտե՞ղ է զինծառայողը, հարցով են եկել: «Ես հարց ունեմ՝ որտե՞ղ է որդիս», - վիրավորված է մայրը:

«Եկել են բակում են հարցումներ արել, կարծես թե ինքը փախել էր, մենք էլ պահել էինք: Եկել են, ինձ հարցնում են՝ «ի՞նչ տեղեկություն ունեք», այսինքն՝ եթե ես իմ տղային տվել եմ ձեզ, ե՞ս պետք է ձեզ ասեմ՝ ուր է իմ տղան, դուք պետք է ասեք՝ ուր է իմ տղան: Արդեն 43 օր է՝ ես իմ տղայից լուր չունեմ: Ի՞նչ է նշանակում զինվորի մորը գալ, այդպիսի հարց տալ, մտնել տուն նայել՝ եթե փախել է, եկել է տուն», - նշեց նա:

Կինը ներկայանալ չցանկացավ, որդին գուցե գերեվարված է, անզգույշ խոսքով չվնասի հանկարծ։ 19-ամյա որդին Ճամբարակի զորամասում էր ծառայում՝ սեպտեմբերի մարտերի օրերին Վերին Շորժայի դիրքերում է եղել, 13-ին՝ վաղ առավոտյան է վերջին անգամ մոր հետ կապ հաստատել. «Շատ տագնապալից ձայնով ուղղակի զգուշացրեց, ասաց, որ «քեզ շատ եմ սիրում, եղբորս լավ կպահես» ու վերջ: Ես իրենից ոչինչ չեմ իմացել, գերությունից վերադարձած տղաներից ենք իմացել, որ թևից վիրավորում է ունեցել»:​

Վերին Շորժայի այդ դիրքը Ադրբեջանի հսկողության տակ է անցել, մայրը գերությունից վերադարձած տղաներից է լսել՝ անօդաչուների տեղատարափից զինվորները փախել են տարբեր ուղղություններով: Հիմա այդ դիրքից երեք զինծառայողներ չկան, անհետ կորածի կարգավիճակում են:

Ընտանիքները Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Կարմիր խաչի, օմբուդսմենի և մի շարք այլ դռներ են թակում, պատասխանն անփոփոխ է. «Երկու պատասխան է հնչում՝ չեն կարողանում մտնել այդ ձորակից դիերը հանեն, մյուս պատասխան էլ, որ Ադրբեջանը գերիների տարբերակ չի հաստատում: Դա էն ամենացավալի պահն է, երբ ծնողն աղոթում է, որ իր երեխան գերի լինի, դրանից էն կողմ կյանքում էլ վատ բան չկա»:

Իր որդին, ասում է «Ազատության» զրուցակիցը, Վերին Շորժայի առաջնագծում չպիտի լիներ, առողջական խնդրով է զորակոչվել բանակ, առիթմիա ուներ՝ բարձրադիր տեղանքում ճնշումը բարձրանում էր. «Խոլտերից հետո գրել էին՝ որոշակի սահմանափակումներով ծառայություն: Այստեղից այդպես տարել են, հասել է չաստ, արդեն այդ որոշակի սահմանափակումը դարձել է պարտադիր պոստ պահող զինվոր»:​

Պաշտոնական տվյալով՝ սեպտեմբերի երկօրյա մարտերի հետևանքնով 29 հոգի է անհետ կորած: Պաշտպանության նախարարությունն այսօր էլ նույնն է ասում՝ ադրբեջանական կողմը որոնողական աշխատանք սկսելու հնարավորություն չի տալիս, երեկ այս մասին վարչապետ Փաշինյանն էր թվիթերյան գրառում արել՝ Բաքվի պահվածքը համարել անմարդկային և անընդունելի։

«Պետք է միջազգային կառույցները ճնշեն ադրբեջանական կողմին, որպեսզի որոնողական գործողություններ կատարեն»

Վերին Շորժայի, Ներքին Հանդի ձորերում հայ զինծառայողների մարմիններ կան, ադրբեջանցիները նույնիսկ ֆոտոսեսիաներ են անում այդ ֆոնին։ Փաստաբան Սիրանուշ Սահակյանը այդպիսի մի տեսանյութի մասին է խոսում, որի հիմքով նաև Ստրասբուրգի դատարան են դիմել:

«Ադրբեջանցի զինծառայողները պարբերաբար մոտենում են դիին լուսանկարվում են, բայց ադրբեջանական կողմը դին չի հանձնում հայկական կողմին», - նշեց Սահակյանը:​

Իրավապաշտպանն ընդգծում է՝ իրենք դատարան էին դիմել, որպեսզի զոհված զինծառայողի հարազատների տառապանքից զերծ մնալու իրավունքի հարցը քննվի, մարմինը հայկական կողմին հանձնվի, բայց Ստրասբուրգի դատարանը հրատապ միջոցի կիրառման դիմումը մերժել է՝ հիմնավորելով, որ կյանքին սպառնացող ռիսկ զոհվածների մարմինների դեպքում չկա: Պահպանողական մոտեցում է ՝ գնահատում է Սիրանուշ Սահակյանը:

«Պետք է միջազգային կառավարական և ոչ կառավարական կառույցները ճնշեն ադրբեջանական կողմին, որպեսզի վերջիններս հարգեն նաև Կարմիր խաչի մանդատը և Կարմիր խաչի ներգրավվածությամբ որոնողական գործողություններ կատարեն», - ասաց իրավապաշտպանը:​

Սեպտեմբերի մարտերից հետո 17 հայ գերիներ հայրենադարձվեցին, Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Բաքվում դեռ գերեվարվածներ կան, բայց ասում է՝ փաստեր, տեսանյութեր չունեն: Ադրբեջանն էլ 17-ից բացի այլ զինծառայողների գերեվարման փաստ չէր հաստատել, սա, սակայն, ըստ փաստաբանի, բոլորովին հիմք չէ գերիների հարցը փակելու համար:

«Բոլորս տեսել ենք նաև միջազգային հետաքննությամբ հաստատված հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը, սրանով ևս փաստում ենք, որ փաստացի գերիների թվաքանակն ավելի է եղել, քան ադրբեջանական կողմը հաստատել է, մոտ կրկնակի», - ընդգծեց Սահակյանը:​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG