Գերեվարված զինվորականների մասին վարչապետի երեկվա հայտարարությունը Հայաստանում մեծ ընդվզում է առաջացրել ու իշխանություններին ուղղված մի շարք հարցեր բարձրացրել՝ նախևառաջ ի՞նչ է արել պետությունը, որ այդ զինվորները գերի չընկնեին, ու ինչո՞ւ է իշխանությունը նրանց վերադարձնելու ջանքեր գործադրելուց առաջ խոսում գերեվարման հանգամանքները հետաքննելու մասին։
Տասնամյակներով բանակի խնդիրներով զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամաբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վարչապետի երեկվա ելույթը անպատասխանատու մոտեցում է համարում սեփական քաղաքացիների նկատմամբ։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գտնվում է պետության հոգածության ներքո, երկրի ղեկավարը անմիջական պատասխանատվություն է կրում նրանց նկատմամբ, ասում է նա:
«Մարդիկ գտնվում են ամենօրյա այնպիսի վիճակում, որ ամենօրյա վտանգված է նրանց կյանքը, առողջությունը, և այն վերաբերմունքը, որ դրսևորվում է գերիների նկատմամբ, տարածվում են տարբեր տեսանյութեր, առաջնայինը պետության ղեկավարի համար պետք է լինի մարդկանց այդ վիճակից հանելը։ Սա է պատասխանատու մտածելակերպի մոտեցման հիմքը», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էր երեկ հարց ուղղել վերջին մարտերի ընթացքում գերի ընկած 13 և տասնյակ մյուս զինվորականների մասին, որոնց ճակատագիրն անհայտ է․ ի՞նչ է երկրի ղեկավարին հայտնի զինծառայողների ճակատագրի մասին, ի՞նչ է արվում՝ կանխելու նրանց նկատմամբ բռնությունը։
Վարչապետը նրանց վիճակի, նրանց վերադարձի մասին որևէ բառ չասաց, փոխարենը խոսեց գերեվարման դեպքերը հետաքննելու մասին։
«Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև, կներեք, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ, և պետք է հստակ բոլոր դեպքերով, և գուցե թե մենք այստեղ ընդհանրապես սխալ ենք վարվել նաև էմոցիոնալ ֆոնի վրա, պետք է քննվի․ ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում», - հայտարարեց Փաշինյանը։
Հերոսացումից՝ մեղադրանքներ, սա է մտահոգիչը, շեշտում է Արթուր Սաքունցը` հիշեցնելով՝ ընդամենը մի քանի ամիս առաջ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետը գերիների մասին խոսելիս նրանց իր ընտանիքի անդամ էր համարում, ասում, որ իր որդին պատրաստ է մեկնել Բաքու բոլոր գերիների վերադարձի դիմաց, կամ որ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի ինքնիշխանության համար, և որ նրանք իրենց կներեն 1-2 ամիս գերության մեջ ավելի մնալու համար։
Այն ժամանակ գերությունից վերադարձած Պերճ Ավետիսյանն անթույլատրելի էր համարել վարչապետի այդ հայտարարությունը, պատմել, թե ինչ ծանր է գերության ամեն մի ժամը. «Երբ մարդ գերության մեջ է լինում, գիշերը քնում է, մի պահ է գալիս, որ նա ցանկանում է առավոտյան չարթնանալ, որպեսզի այդ դժվարությունները այլևս ինքը չնկատի: Պատերազմ անցած, մանավանդ գերության մեջ ընկած մարդու նկատմամբ այդպիսի արտահայտություն երբեք չի կարելի անել»:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ է երեկ անակնկալի եկել Փաշինյանի հայտարարությունից, վարչապետից բոլորովին այլ բան էր ցանկանում լսել, մասնավորապես, թե ինչ է արվում զինվորներին վերադարձնելու ուղղությամբ, բայց փոխարենը իշխանությունը ցանկանում է պարզել գերի ընկած, խոշտանգված, սպանված զինվորի մեղքի բաժինը։ Իրավապաշտպանն ընդգծում է՝ երկրի ղեկավարը պետք է այս հարցերին պատասխաներ՝ ինչո՞ւ է զինվորն անպաշտպան մնացել, ինչո՞ւ է զինվորը գերի ընկել, ինչո՞ւ այսօր չենք կարողանում վերադարձնել մի քանի տասնակ գերիներին։
«Հարցեր տալը պետք է սկսվեր վարչապետից` գլխավոր գերագույն հրամանատարից` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու ազատությունների երաշխավոր հանդիսացող վարչապետից, հետո հարցերը տրվեին գեներալիտետին, հետո սպայական կազմին և վերջում, եթե դրա նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը լիներ, նոր դիմեինք զինվորին, որովհետև գերության մեջ հայտնված, խոշտանգված, նվաստացած, այս բոլոր դժվարություններով անցած զինվորը վերջինը պիտի լիներ այս ցանկում, որին կարելի է հարցեր ուղղել», - նկատեց Կարապետյանցը:
Փաշինյանի այս վերջին հայտարարությունը քննադատության մեծ ալիք է բարձրացրել նաև սոցցանցերում ու մամուլում։ Պետության պատասխանատվության հարցը իր վերջին հոդվածում բարձրացնում է նաև հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանը:
«Շատ ապշած ՀՀ քաղաքացիների այդ հարցը հիմա ես հնչեցնում եմ՝ ինչու են հակառակորդի զինվորները հեռվից ճեմելով հասնում մեր դիրքերը։ Եվ եթե մեզ՝ քեզ այդ բարձր աթոռին հասցրածներիս բավարարի քո պատասխանը, նոր կխոսես գերի ընկնելու հանգամանքները պարզել տալու մասին, որովհետև, մեզ էլ դա է չափազանց շատ անհանգստացնում։ Դուք պետք է պատասխանեք, ոչ թե հարց տաք։ Դուք դեռ ահագին ժամանակ միայն պատասխանող եք լինելու։ Դո՛ւք պետք է թույլ չտայիք, դո՛ւք պետք է անհնար դարձնեիք հայ զինվորների գերեվարվելը, հարց տվողը դուք չպետք է լինեք», - գրել է հրապարակախոսը։
Երեկվա հայտարարությունից մեկ օր անց ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա թիմակիցները չեն անդրադարձել դրան։ Պաշտոնական աղբյուրները վերջին մարտերի ընթացքում գերի ընկած 13 զինծառայողներին անդրադառնալիս բավարարվում են կցկտուր նախադասություններով՝ «աշխատանքներ են տարվում վերադարձի ուղղությամբ»։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանական բանտերում ևս 40 հայ գերիներ կան, թեև նրանց շահերով զբաղվող հայ իրավապաշտպանները կարծում են, որ այս թիվը մոտ երեք անգամ ավելի մեծ է։