Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը պատրաստ է աշխատել ռուսական առաջարկի շուրջ


Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությանը՝ շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է աշխատել ռուսական առաջարկի շուրջ։

Թվիթերի իր էջում Հայաստանի վարչապետը գրել է, որ Երևանը դեռ սեպտեմբերի սկզբին է համաձայնել աշխատել Ռուսաստանի ներկայացրած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի շուրջ։ Փաշինյանը հավաստիացրել է, որ Հայաստանը «պատրաստ է դա հաստատել Սոչիում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները։

Ռուսաստանի նախագահը երեկ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք պայմանագրին՝ նշել էր, թե կա կարգավորման 2 տարբերակ և Հայաստանը ինքը պետք է ընտրի, թե որ տարբերակով է ցանկանում առաջ շարժվել։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակը ենթադրում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Կա նաև հնարավորություն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրում ներառել Ղարաբաղի հարցը։

«Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը համարում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակը, որը, որքան ես գիտեմ, ենթադրում է Ադրբեջանի ինքնիշխանությունը ամբողջ Ղարաբաղի վրա, եթե Հայաստանն այդպես է համարում՝ խնդրեմ: Մենք կսատարենք հայ ժողովրդի ցանկացած որոշում», - ասել է Պուտինը՝ շարունակելով. - «Եթե Հայաստանի ժողովուրդը և իշխանությունը համարում են, որ Ղարաբաղն ունի իր առանձհատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ներառել ապագա խաղաղության պայմանագրում, ապա դա էլ է հնարավոր։ Բայց դա անպայման դա պետք է համաձայնեցնել նաև Ադրբեջանի հետ»։

Նախքան Պուտինի այս հայտարարությունը, արցախցի թե' իշխանական և թե' ընդդիմադիր պատգամավորները երեկ հայտարարել էին, որ Արցախի համար ընդունելի են Հայաստան - Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ Ռուսաստանի առաջարկները։ Նրանց խոսքով, ռուսական կողմի առաջարկած փաստաղթղթի 15-րդ կետում նշում կա, որ կա Արցախի հարց, որը հետագայում պետք է լուծվի բանակցություների միջոցով։ Այսինքն՝ խնդրի կարգավորումը սառեցվում է։ Մինչդեռ ամերիկյան փաստաթուղթը, ըստ արցախցի պատգամավորների, մեկընդմիշտ փակում է Արցախի հարցը և արցախցիներին դիտարկում է որպես Ադրբեջանում բնակվող էթնիկ փոքրամասնություն։

Հայաստանի խորհրդարանի իշխանական խմբակցության պատգամավորներն առայժմ ձեռնպահ են մնում գնահատականներից։ Փոխարենը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հստակ ընդգծում է՝ իրենց համար ընդունելի են Ռուսաստանի առաջարկները։

Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան

Ըստ Օհանյանի, այսօր, երբ Հայաստանն ու Արցախը ծանր վիճակում են, միանգամից գնալ հայ-ադրբեջանական հարցերի գլոբալ լուծմանը և ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, կնշանակի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում և քար նետել Արցախի ճակատագրի վրա. - «Եվ այդ առումով, երբ որ ռուսական առաջարկի մեջ նշվում է, որ Արցախի ճակատագրի հետագա լուծման համար պայմաններ կստեղծի, միանշանակ է, որ կողմ ենք այն ֆորմատին, որը որ քննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունները Ռուսաստան - Հայաստան - Ադրբեջան ֆորմատով։ Վաշինգտոնի ֆորմատի հետ մենք առնչություն չպետք ա ունենանք, որովհետև այն ստորագրելով միանշանակ վերջնականապես Արցախը հայտնվում է Ադրբեջանի տարածքում։ Իսկ դա կբերի հայաթափմանը, և կլինի հերթական ցեղասպանությունը արդեն հայ ժողովրդի տեղահանմամբ Արցախից»։

Արձագանքելով «Ազատության» դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ռուսական առաջարկի շուրջ, Սեյրան Օհանյանն ասաց, թե վաղուց չի հավատում Փաշինյանի հայտարարություններին՝ հավելելով, որ եթե նա իսկապես ընդունում է ռուսական առաջարկները, ապա թող հրապարկային հայտարարի, որ մերժում է ամերիկյան տարբերակը. - «Նա մի բան ասում է, մի այլ բան կատարում։ Ինքը թող էդ դեպքում հայտարարի հրապարակավ, հաստատակամ իրա կեցվածքով, որ դեմ է վաշինգտոնյան փաստաթղթին»։

Մինչ իշխանական տարբեր շրջանակներ խուսափում են արձագանքել ռուսական և ամերիկյան առաջարկների մասին Վլադիմիր Պուտինի հնչեցրած հայտարարություններին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ն այսօր անանուն մի հոդված է հրապարակել, որում նշվում է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը գնացել է Ռուսաստանի առաջարկած տարբերակով՝ ստորագրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, բայց Ադրբեջանն այդպես էլ չի հետևել հայտարարության կետերին, չի վերադարձրել գերիներին, օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքը, իսկ ՀԱՊԿ-ը մինչ օրս լուծում չի առաջարկել Հայաստանի օկուպացված տարածքի ազատագրման համար, Ռուսաստանն էլ տեղի ունեցածը համարել էլ զուտ սահմանային խնդիր։

«Արդյոք այս նույն ճակատագի՞րն է սպասվում է Հայաստանին, եթե Ռուսաստանի առաջարկով գնա Ադրբեջանի հետ խաղաղության։ Որո՞նք են այն երաշխիքները, որ ռուսական առաջարկով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Ադրբեջանն անգամ ռուսական զորախմբի ներկայությամբ չի դիմի սադրանքների կամ էսկալացիայի»։

Վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող պարբերականը նաև հարցնում է՝ եթե Պուտինը բաց խոսում է Վաշինգտոնի առաջարկի մասին, ինչո՞ւ չի ներկայացնում Ռուսաստանի առաջարկը, եթե այն իսկապես շատ ավելի հաջող է, քան ամերիկյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG