Մատչելիության հղումներ

Փաշինյան-Ալիև Սոչիի հանդիպման նախօրեին ԱԺ արտահերթ նիստ ու հանրահավաք Արցախում


Արցախի խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի արժանապատիվ ու անվտանգ ապագային, տեղեկացնում է Արցախի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

«Հանդիպման վայրը Վերածննդի հրապարակն է՝ 88-ի շարժման ոգով միասին մեր ձայնը բարձրացնելու», - ասված է հայտարարությունում։

Հաջորդ օրը Սոչիում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի հրավերով։ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ նման ձևաչափով վերջին հանդիպումն անցկացվել էր նախորդ տարվա նոյեմբերին։ Դրանից հետո Փաշինյանն ու Ալիևը եվրոպական միջնորդությամբ են մի քանի անգամ բանակցել։

Հոկտեմբերի 31-ի հանդիպման հնարավոր հայտարարության կամ օրակարգի մասին փակագծեր Հայաստանի ղեկավարը երեկ Ազգային ժողովում չբացեց. - «Կարծում եմ, որ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն»։

Խաղաղության օրակարգն ակտիվորեն առաջ մղող Հայաստանը վերջին ամիսներին չի հիշատակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի հարցը, փոխարենը խոսում է Բաքու-Ստեփանակերտ քննարկման միջազգային մեխանիզմների մասին։ Ադրբեջանը կտրուկ մերժում է։

Անկախ այս ամենից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոստանում է ինքնորոշման իրավունքի օրակարգից չշեղվել։

XS
SM
MD
LG