Սոչիում ամսվա վերջին սպասվող Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից առաջ պաշտոնական Վաշինգտոնը վերստին հայտարարում է՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խրախուսել է հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց, միևնույն ժամանակ շեշտելով՝ ուղղակի երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու համար:
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը չորեքշաբթի օրը ճեպազրույցի ընթացքում ընդգծել է, որ տարածաշրջանում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ինքնիշխանության և անկախության համար
չկա ավելի մեծ աջակից, քան Միացյալ Նահանգներն է։
«Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը ԱՄՆ-ից ավելի մեծ աջակցող չկա։ 1991-ին Խորհրդային Միությունից Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնումը կարևոր իրադարձություն էր, որը երաշխավորեց այս երկրներից յուրաքանչյուրի՝ ինքնիշխանությունն ու սեփական արտաքին քաղաքական շահերը հետապնդելը», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակի առաջին տեղակալ Վեդանթ Պատելը։
Նախօրեին Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ հայտարարել էր՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշեն՝ օգտակա՞ր է արդյոք Ռուսաստանի նախագահի հրավերը։
Հայաստանի վարչապետը երեկ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հաստատեց Սոչիի եռակողմ հանդիպմանն իր մասնակցությունը։